Պուտինը «եվրասիական հնգյակի»՝ ԵՏՄ ապագայի մասին

Պուտինը «եվրասիական հնգյակի»՝ ԵՏՄ ապագայի մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) բխում է այդ երկրների շահերից և լայն հորիզոններ է բացում նրանց սոցիալ-տնտեսական զարգացման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում: «Այս տարվա եզրափակիչ նիստn անցավ գործնական և կառուցողական մթնոլորտում: Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի նախագահների հետ միասին քննարկել ենք եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերը: Ինչպես տեսնում եք, հաստատվել է փաստաթղթերի պատկառելի փաթեթ, որն ուղղված է մեր առևտրային ու ներդրումային կապերի հետագա զարգացմանը, ինտեգրմանը, ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը ու նրա մարմինների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Խորհրդի գործունեության կատարելագործմանը»,-ասել է նա:

Տառացիորեն մի քանի օրից՝ 2015-ի հունվարի 1-ից կգործի ԵՏՄ-ն: Ըստ Վլադիմիր Պուտինի, միության ստեղծումը համատեղ մանրակրկիտ աշխատանքի արդյունք է: «Անշուշտ քաղաքական որոշումն ընդունել են նախագահները: Ես ցանկանում եմ երախտիքի խոսքեր ուղղել նրանց բարդ, դժվարին, բայց շատ կարևոր ու պրոֆեսիոնալ համատեղ աշխատանքի համար: Մենք հետևողականորեն ու հաջողությամբ անցանք ինտեգրման բոլոր փուլերը՝ սկսելով Մաքսային միության կազմավորումից, որը վերածվեց Միասնական տնտեսական տարածքի: Աստիճանաբար մերձեցրինք մեր համատեղ աշխատանքն առևտրում և տնտեսության մյուս ոլորտներում, իսկ հիմա անցնում ենք ինտեգրման ավելի բարձր մակարդակի՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժին:

Հիշեցնեմ, որ ստեղծվում է ընդհանուր շուկա, որը գործում է ԱՀԿ ունիվերսալ նորմերի ու կանոնների հիման վրա, ավելի քան 170 մլն սպառողով, որի համախառն ՀՆԱ-ն գերազանցում է 2,4 տրլն դոլարը: Վերացվել են բազմաթիվ մաքսային ու վարչական խոչընդոտներ: Զգալիորեն ընդլայնվել են բիզնեսի հնարավորությունները:

Միության անդամ պետությունները համակարգված քաղաքականություն կվարեն մի շառք առանցքային ոլորտներում, այդ թվում արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, ձգտում ենք համաձայնեցնել սանիտարա-անասնաբուժական ու տեխնիկական նորմերը, պաշտպանել սպառողների իրավունքը:

ԵՏՄ մասին պայմանագրով մինչև 2016 թ. նախատեսվում է ստեղծել ընդհանուր դեղագործական շուկա: Մենք մտադիր ենք շարունակել աշխատանքը 2019-ին ձևավորելու համար էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա, իսկ մինչ 2025-ը՝ գազի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկա: Նույն 2025-ին Ալմատիում կսկսի գործել Միության ֆինանսական շուկան կարգավորող անդրազգային մարմին»,-ասել է ՌԴ նախագահը:

Այս տարի, ըստ նրա, մի շարք կարևոր որոշումներ կայացվեցին միավորման ընդլայնման նպատակով՝ կարելի է ասել, որ «եվրասիական եռյակը» վերածվում է « եվրասիական հնգյակի»: «Երկու ամիս առաջ մենք Մինսկում համաձայնագիր կնքեցինք՝ միությանը Հայաստանի անդամակցելու մասին: Վավերացման գործընթացն ավարտվել է, այնպես որ հաջորդ տարվա հունվարի 2-ից Հայաստանը կդառնա մեր միության լիիրավ անդամ»,- ասել է ՌԴ նախագահը:

«Անդամների քանակի աճը օգտակար է նաև բուն Միությանը, մեծացնելով նրա շուկան, նպաստելով առևտրա-տնտեսական կապերի ամրապնդմանը, նոր ներդրումային նախագծերի գործարկմանը: Եվրասիական միությունը բաց է բոլոր մեր հարևանների համար ինչպես ԱՊՀ շրջանակում, այնպես էլ Արևելքում ու Արևմուտքում մեր գործընկերների համար: Մեր միության բոլոր անդամներն ունեն հավասար իրավունքներ ու հավասար պարտականություններ, ինչպես նաև ներկայացված են ղեկավար մարմիններում:

Այսօր մենք որոշում կայացրեցինք Եվրասիական տնտեսական միությունում նախագահության կարգի մասին: 2015-ին նախագահող երկիր կդառնա Բելառուսը:

Մենք դեռ շատ անելիք ունենք ԵՏՄ-ն տնտեսական աճի հզոր կենտրոնի վերածելու համար: Մենք հիանալի հասկանում ենք, որտեղ ենք գտնվում, ինչպիսիք են մեր տնտեսության դիրքերը, որտեղ են թույլ կողմերը և ինչ աշխարհում ենք մենք ապրում: Անկասկած, ջանքերի միավորումը կօգնի մեզ հաղթահարել առկա խնդիրները:

Շատ դրական եմ գնահատում այսօրվա հանդիպումը: Գլխավորը՝ նշված են բոլոր հստակ կողմնորոշիչները, ընդունված են կոնկրետ ծրագրեր: Վստահ եմ, որ առաջիկա համատեղ աշխատանքը հաջող է լինելու»,-ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փաստաթղթով նախատեսվում է, որ Հայաստանը միանում է ԵՏՄ մասին պայմանագրին, ինչպես նաև այլ միջազգային փաստաթղթերին, որոնք կնքվել են Մաքսային միության շրջանակում: Ենթադրվում է, որ կվերանայվեն ԱՀԿ անդամ Հայաստանի սակագնային պարտավորությունները, ինչպես նաև կներդաշնակեցվի ԵՏՄ Միասնական մաքսային սակագինը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին: Նոյեմբերի 21-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը:

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի նիստում վավերացրել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը: Կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7, ևս 1-ը ձեռնպահ է մնացել: Խորհրդարանական խմբակցություններից դեմ էր միայն «Ժառանգությունը»:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---