4 հուլիսի 2006 - 18:41 AMT
Մուխլիս Ֆարաուն. Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ընդհանրությունները շատ են
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մուխլիս Ֆարաունին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Անդրադառնալով հայ-սիրիական հարաբերություններին եւ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ երկու երկրներն ավանդաբար կապող բարեկամությունը պիտի շարունակվի եւ խորանա. «Սիրիան կարեւոր առաքելություն ունի Մերձավոր Արեւելքում եւ բազում հայեր են բնակվում Սիրիայում` անցյալ դարասկզբի արհավիրքից հետո գրկաբաց ընդունվելով այդ երկրում»,-ասել է նա: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ երկքաղաքացիության մասին օրինագծի սկզբունքներին` նշելով, որ զգույշ վերաբերմունք պետք է ունենալ այդ զգայուն խնդրին եւ որոշարկել իրավունքների ու պարտականությունների սահմանները: Պարոն Թորոսյանը Հայաստանում բնակվող հայերի համար, որ անկախության վերահաստատումից հետո կրել են ու կրում են բոլոր դժվարությունները, անընդունելի համարեց արտերկրում ապրող հայրենակիցների հետ հավասար պարտականություններ ու իրավունքներ ունենալը` այդ առումով առանձնացնելով ընտրելու ու ընտրվելու իրավունքը. Հայաստանի ընթացքը եւ քաղաքական ճակատագիրը պիտի որոշեն այն մարդիկ, ովքեր մշտապես ապրում են Հայաստանում եւ իրենց գործունեությամբ ապահովում են երկրի բարեհաջող ընթացքը»,- նշեց Տ.Թորոսյանը: Իր հերթին Ֆարաունը եւս անարդար համարեց իրավունքների ու պարտականությունների հավասարությունը երկրում բնակվողների եւ երկրից դուրս բնակվողների պարագայում` նշելով, որ Հայաստանի ու Սիրիայի միջեւ այդ հարցում կան որոշ նմանություններ` շուրջ 4-5 միլիոն սիրիացիներ երկրից դուրս են բնակվում եւ նրանք կամ նրանց ժառանգները չեն կարող սիրիաբնակների հետ նույն իրավունքներն ունենալ: Հանդիպման ընթացքում արծարծվեցին փոխադարձ կարեւորություն ունեցող նաեւ այլ հարցեր: