24 դեկտեմբերի 2014 - 12:32 AMT
Օբամայի վարկանիշը հասել է առավելագույն մակարդակի. Ամերիկացիների 48%-ն աջակցում է նրան

ԱՄՆ-ի տնտեսության աճի ֆոնին նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը հասել է առավելագույն մակարդակի վերջին 20 ամսվա ընթացքում: Korrespondent.net-ը գրում է, որ CNN-ի և ORC-ի համատեղ անցկացրած հարցումների համաձայն, ամերիկացիների 48%-ն աջակցում է Օբամային:

Օբամայի վարկանիշն ավելացել է հատկապես երիտասարդության և կանանց շրջանում նրա ժողովրդականության աճի արդյունքում: Մեկ ամսում սոցիալական այս խմբերում Օբամային վստահողների թիվն ավելացել է միանգամից 10%-ով:

Փորձագետների կարծիքով, բացի տնտեսական հաջողություններից, Օբամայի վարկանիշի վրա դրական է ազդել նաև Կուբայի հետ հարաբերությունների վերականգնումը:

Չնայած դրան, այս պահի դրությամբ ԱՄՆ-ի նախագահի աշխատանքից դժգոհ է ամերիկացիների 56%-ը, իսկ 49%-ը հայտարարել է, որ Օբամայի վարած քաղաքականությունը երկիրը տանում է սխալ ուղղությամբ:

ԱՄՆ տնտեսության աճի տեմպը երրոր եռամսյակում գերազանցել է կանխատեսումները. ՀՆԱ աճը կազմել է 5%, այնինչ նախատեսվում էր միայն 3,9%: Սս ԱՄՆ տնտեսության աճի ամենաբարձր տեմպն է 11 տարվա ընթացքում:

ԱՄՆ-ն վերականգնում է լիարժեք դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ և մտադիր է դեսպանություն բացել ԱՄՆ-ում ավելի քան կես դար անց: Հարաբերությունների վերսկսումը 18-ամսյա գաղտնի բանակցությունների արդյունք է, որոնք ընթացել են Կանադայի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի միջնորդությամբ: Հռոմի պապն է կազմակերպել բանախոսների վճռական հանդիպումը Վատիկանում: ԱՄՆ նախագահ Օբաման և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հեռախոսազրույցում հաստատել են տասնամյակների վիրավորանքները մի կողմ թողնելու ու ամերիկա-կուբայական հարաբերություններում նոր դարաշրջան սկսելու պատրաստակամությունը:

Կարգավորման վերջին խոչընդոտը ԱՄՆ քաղաքացի Ալան Գրոսին ազատ արձակելու հարցն էր, նրան ձերբակալել էին Կուբայում 5 տարի առաջ և դատապարտել էին 15 տարվա ազատազրկման արբանյակային սարքավորումների ապօրինի առաքումների համար: Գրոսն ազատ արձակվեց, առաջիկայում Ֆլորիդայում ազատ կարձակվեն երեք կուբացիներ, որոնք ձերբակալվել էին լրտեսության համար: Իսկ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հանդես կգա Հավանայի և Վաշինգտոնի հարաբերությունների մասին պաշտոնական հայտարարությամբ: