24 դեկտեմբերի 2014 - 17:34 AMT
Թուրքիան չեզոք կլինի Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության հարցում

Թուրքիան ոչ մեկին չի սատարի Եվրամիության և Ռուսաստանի միջև բնական գազի ու նավթի առաքումների շուրջ վեճում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը:

Ստամբուլում ընթացող «Համաշխարհային էներգետիկայի հեռանկարները-2014» խորհրդաժողովում իր զեկույցի ներածական մասում նախարարն ասել է, որ Թուրքիան «Հարավային հոսք» գազամուղի կառուցման նախագծի մասնակից չի եղել: ՌԴ ղեկավարության որոշումը եվրոպական շուկայի համար նախատեսված գազի երթուղին Բուլղարիայի փոխարեն Թուրքիայով անցկացնելու վերաբերյալ, ըստ նրա, վկայում է, որ սա միանգամայն այլ նախագիծ է:

«Թուրքիան չի հրաժարվի ոչ ԵՄ-ին անդամակցելու իր հայտից, ոչ էլ հարևան Ռուսաստանից: Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքված գործարքը բարի կամքի համաձայնություն է, այսինքն այն դեռ իրավաբանորեն պարտադրող չէ».-նշել է Թաներ Յիլդիզը: Նախարարը հայտնեց նաև Թուրքիայի քաղաքականության ակտիվացման մասին արևելյան ուղղությամբ: Հաջող բանակցություններ են վարվել Բաղդադի նավթի նախարարության հետ, իսկ հինգշաբթի Անկարայում կայանալու է ռազմավարական գործընկերության հանդիպում Իրաքի նախարար Հայդար ալ Աբադիի հետ:

Իրաքում նավթի արդյունահանման ծավալն աճել է օրական 1,3 մլն բարելից 2003 թ. մինչև 3 մլն բարել օրական 2013-ին, ըստ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության:

«Մինչև 2014-ը արդյունահանվող նավթի ծավալը ավելացավ մինչև 14 մլն բարել օրական, որից 4 մլն առաքվելու է Իրաքից: Թուրքիան չի կարող մի կողմում մնալ այդ գործընթացից: Ուստի մեզ շատ է մտահոգում անկայունությունն Իրաքում: Զգալի տարածքներ ԻՊ հսկողության տակ են: Դա չի կարող մեզ չմտահոգել»,-ասել է թուրք նախարարը, հայտնում է Armenia Today-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրեցին, որ ԵՄ-ն մտադիր է համոզել Թուրքիային միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, առնվազն, չառաքել պատժամիջոցներին ենթակա ապրանքներ: Մասնավորապես, ընդլայնման գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանը օրերս հայտարարել էր, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել հունվարին, երբ Լատվիան կնախագահի Եվրամիությունում: Այդ մասին եվրոպացի պաշտոնյան ասել էր Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա գտնվում էր աշխատանքային այցով եվրոպական դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինիի և հումանիտար օգնության գծով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանդիսի հետ:

«Գործը ճիշտ ուղղությամբ է շարժվում»,-ասել է Հանը:

Բացի այդ, եվրոպական պատվիրակությունն անդրադարձավ «ԻՊ» դեմ պայքարին ու Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին օգնելուն: Ըստ Մոգերինիի, թուրք վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցություններում քննարկվել են ԻՊ գրոհայինների մասին տեղեկությունների փոխանակման ու նրանց դեմ համակարգված պայքարին առնչվող հարցեր: Նա նաև հայտարարել է, որ Թուրքիային փախստականների համար 70 մլն եվրո օգնություն հատկացնելու հարցը քննարկման ավարտական փուլում է:,/i>

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ: Միությանն անդամակցելու մասին բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 13-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: Նախորդ տարվա հոկտեմբերի 16-ին եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

Ընթերցեք նաև՝ Անկարան հրաժարվում է բանակցել Եվրամիության հետ վերջինիս պահանջած ձևաչափով