25 դեկտեմբերի 2014 - 10:30 AMT
Հալեպում ականը խոցել է այն շենքը, որտեղ հայեր են բնակվում

Սիրիական Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները գրոհ են ձեռնարկել:

Panorama.am-ը տեղի հայկական ԶԼՄ-ներին հղումով գրում է, թե ականը խոցել է շենքը, որտեղ հայեր են բնակվում: Ըստ տեղեկատվության, պայթյունի հետևանքով փլուզվել է շենքի տանիքի մի մասը, նյութական լուրջվնաս է հասցվել:

Զոհերի և վիրավորների մասին ոչինչ չի ասվում:

Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը սիրիահայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, 5 հազարը՝ Լիբանանում: 2,5 տարում Սիրիայում մոտ 100 հայ է զոհվել:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվեցին ու ապաստանեցին Լաթաքիայում: երբ սիրիական բանակն ազատագրեց քաղաքը, պարզ դարձավ, որ զինյալները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր:

Բացի այդ, երկրի հյուսիս-արևելքում գործող ԻՊ-ն ոչնչացրեց Դեր Զորի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանը, պղծեց Ռաքքայի հայ կաթողիկե եկեղեցին: