5 հուլիսի 2006 - 13:57 AMT
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը Երեւան կժամանի մոտավորապես երկու շաբաթից
Ռիչարդ Հոգլանդը Երեւան կժամանի Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատվելուց անմիջապես հետո, մոտավորապես երկու շաբաթից: Այդ մասին «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Հոգլանդը շատ ուշադիր մարդ է եւ լավատեղյակ է Կովկասի պատմությանը: Ինչ վերաբերում է Հայաստանում ԱՄՆ այժմյան դեսպան Ջոն Էվանսին, ապա նա լավ մարդ է, հիանալի դեսպան: Ճիշտ չէ ասել, թե նրան ետ են կանչում, մարդիկ ասում են նույնիսկ, որ նրան հեռացնում են դիվանագիտական ծառայությունից: Դա ճիշտ չէ»,-նշել է ամերիկացի դիվանագետը: «Դեսպանները ծառայում են նախագահին եւ պարտավոր են հետեւել նրա քաղաքականությանը: Ջորջ Բուշի քաղաքականությունը հայերի զանգվածային ոչնչացման վերաբերյալ շատ հստակ է, քանի որ նա իր ամենամյա ուղերձում նշում է այդ մասին»,-նշել է Մեթյու Բրայզան: «Իհարկե, եթե ինչ-որ մեկը համաձայն չէ նախագահի քաղաքականությանը, ապա կարող է անձնական որոշումներ կայացնել, սակայն նրանք չպետք է հրապարակայնորեն արտահայտվեն: Մենք բոլորս ծառայում ենք նախագահին եւ մեր աշխատանքն է աջակցել նրա քաղաքականությանը, իհարկե, մեր աշխատանքն է նաեւ խորհուրդներ տալ նրան, սակայն երբ խոսքը գնում է հրապարակային հայտարարությունների մասին, ապա մենք պարտավոր ենք աջակցել նախագահի քաղաքականությանը»,-հայտարարել է Բրայզան:

Նշենք, որ ըստ որոշ շրջանակների Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին ետ կանչելու պատճառը նրա հայտարարությունն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հիշեցնենք, որ 2005 թվականի փետրվարի 19-ին Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Ջոն Էվանսը խոսել էր «Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության» մասին: «Այսօր ես կանվանեմ դա Հայոց ցեղասպանություն»,-հայտարարել էր Էվանսը: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները եւ պաշտոնյաները խուսափում էին օգտագործել «ցեղասպանություն» բառը անցյալ դարասկզբին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, օգտագործելով տարբեր արտահայտություններ եւ սահմանումներ: «Ոչ մի ամերիկացի պաշտոնյա երբեւէ չի ժխտել այդ փաստը` ես կարծում եմ, այս դեպքում բառախաղը անհարիր է ամերիկացիներին»,-հայտարարել է Էվանսը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: