25 դեկտեմբերի 2014 - 13:15 AMT
«Իսլամական պետությունը» քիմզենք է օգտագործել խաղաղ բնակիչների դեմ

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումն Իրաքի Անբար գավառի Հիթ քաղաքի համար մարտերում քիմիական զենք է կիրառել: Ինչպես հայտնում է Newsru.co.il-ն իրաքյան բանակում աղբյուրների վրա հղումով, քաղաքի բնակելի թաղամասերը գնդակոծվել են ականանետներից՝ քլորի գազ կրող ականներով:

Պաշարված շրջաններում չկան քիմիական պաշտպանության միջոցներ, դեղորայք քիմիական գրոհի դեպքում օգնություն ցուցաբերելու համար: Նաև զգացվում է սննդամթերքի պակաս, դադարեցվել է ջրամատակարարումը, իսկ ջրհորներին մոտեցող մարդկանց դիպուկահարներն են սպառնում: Առաջին անգամն է, որ ԻՊ գրոհայինները քիմիական զենքը կիրառում են խաղաղ բնակիչների դեմ: Սակայն ռազմական թիրախները երկու անգամ արդեն ենթարկվել են քիմիական գրոհի: 2014-ի սեպտեմբերին Անբար գավառում գրոհի ենթարկվեց իրաքյան բանակը, 300 զինծառայող զոհվեց: Ահաբեկիչները նաև գնդակոծեցին իրաքյան զորքերի դիրքերը Ֆալուջայում:

Ընթացիկ տարվա հունիսին Իրաքի կառավարությունը հայտնեց, որ ԻՊ գրոհայիններն «իրենց հսկողության տակ են առել խոշոր մի ռազմակայան, որը Սադդամ Հուսեյնի օրոք օգտագործվել է որպես քիմզենքի պահեստ: Այն ժամանակ, իբր, այնտեղ թունավոր նյութերի պաշարներ չեն եղել:

Հունիսին ԻՊ-ն գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում:

Քլորի գազով ականները գրոհայինները կարող էին հափշտակել նաև Սիրիայի տարածքում: Այդ զենքը ենթակա չէր Ասադի զանգվածային ոչնչացման զենքի արսենալի վերացման մասին համաձայնագրի գործողությանը: Սիրիական բանակն այն կիրառել է իր հակառակորդների դեմ:

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ շատ մոտ էին Սիրիան ռմբակոծելու որոշմանը 2013-ի աշնանը որպես պատրվակ օգտագործելով քիմիական զենքի կիրառման վտանգը կառավարական ուժերի կողմից: Սակայն, համզոիչ ապացույցներ չներկայացվեցին: Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց խուսափել ռմբակոծություններից քիմիական զենքից հրաժարվելու Սիրիայի համաձայնության դիմաց: Դուրս բերվեց և ոչնչացվեց շուրջ 800 տոննա քիմիական նյութ, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում:

Photo: AP