25 դեկտեմբերի 2014 - 18:40 AMT
Չավուշօղլու. Թուրքիան թույլ չի տա 1915-ի իրադարձությունները քարոզել որպես ցեղասպանություն

Թուրքիան թույլ չի տա Հայաստանին 1915-ի իրադարձությունները քարոզել որպես ցեղասպանություն, հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է Vestikavkaza.ru-ն:

Նրա խոսքով՝ Թուրքիան հետևում է այդ ուղղությամբ Հայաստանի գործողություններին:

Արտգործնախարարը նշել է, որ 2014-ին Հայաստանը և հայկական լոբբին այդ բնագավառում հատուկ ակտիվություն են դրսևորել.

«Բայց դա չի նշանակում, որ Թուրքիան դա անպատասխան կթողնի»:Նա ընդգծել է, որ Անկարան պատրաստ է հանձնաժողով ստեղծել 1915 թվականի իրադարձությունները ուսումնասիրելու համար:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին է ներկայացրել Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագա քայլերը՝ անդրադառնալով նաև հայկական հարցին. «Մենք չենք ճանաչում ցեղասպանությունը, որի մեղքը փորձում են մեր պապերի ու մեր ժողովրդի վրա բարդել: Մենք դա միշտ ենք ասել»,-ասել է նա:

Միևնուն ժամանակ Հայոց ցեղասպանության 100-ամյակին Թուրքիայից DurDe կազմակերպությունն ու ԱՄՆ-ում գործող Project 2015-ը ապրիլի 24-ին աշխարհի տարբեր կողմերում բնակվող հայերին հրավիրում են Ստամբուլում տեղի ունենալիք Ցեղասպանության հիշատակման միջոցառմանը:

Ստամբուլում ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ սկսել են տեղի ունենալ 2010 թվականից: Ցեղասպանության 100-ամյակին, սակայն, միջոցառումն ավելի ընդգրկուն է լինելու:

DurDe խմբից Լևենթ Շանսևերն ասել է, որ ցանկանում են քննարկել այս հողերի ամենահին ժողովուրդներից հայերի ցեղասպանությունը, և ցանկանում են ավելի ընդլայնել քննարկումը. «Անգամ, եթե Թուրքիայի կառավարությունն անցյալին առերեսվելուն դեռ պատրաստ չէ, մենք՝ որպես Թուրքիայի քաղաքացիներ, պատրաստ ենք դրան, և ցանկանում ենք, որ ամբողջ աշխարհը տեսնի դա»:

Միևնույն ժամանակ Թուրքիայի երիտասարդական միությունը պատրաստվում է լրջորեն հակադարձել ցեղասպանությունը միջազգային ճանաչմանն ուղղված հայկական գործողություններին: Միության ղեկավար Չաղդաշ Ջենգիզը մասնակցել է Մյունխենում կազմակերպված «Աթաթուրքը և երիտասարդությունը» խորագրով համաժողովին և, անդրադառնալով Հայոց ցեղասպանության գալիք հարյուրամյակին, հայտնել` 2015-ի ապրիլի 23-ին Թուրքիայի մայրաքաղաքում «հզոր ցույց» են կազմակերպելու:

Իսկ քրդական հարցի կարգավորման վերաբերյալ Ջենգիզը նշել է, որ երկրի արևելյան շրջաններում բնակվող քրդերի մեծ մասը համամիտ չէ անջատողականների հետ: Ըստ նրա, եթե այսօր հանրաքվե անցկացվի քրդերի հազիվ 3-4 տոկոսը կողմ կքվեարկի Թուրքիայից բաժանվելու օգտին:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ քաղաքական պլանավորման գծով գլխավոր տնօրեն Ալթայ Չենգիզերը կոչ է արել երկրի իշխանություններին նախապատրաստվել այն իրողությանը, որ միջազգային հանրությունն աննախադեպ ճնշում կգործադրի Անկարայի հանդեպ՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես վերադարձել եմ Վաշինգտոնից և տեսել եմ, թե ինչպես է հայ համայնքը պատրաստվում 100-ամյակին: Այդ արշավի նպատակն է վատաբանել ժամանակակից Թուրքիային, թույլ չտալ նրան հաղթահարել անցյալը: Այդ մեղադրանքներն ուղղված են մեր ազգային ինքնության դեմ»,-հայտարարել է դիվանագետը: Չենգիզերը նշել է, որ պաշտոնական Անկարան մտադիր չէ վերանայել այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը:«Ցեղասպանությունը քաղաքական հայեցակարգ է: Թուրքիան արժանի չէ, որ աշխարհում ընկալվի որպես ցեղասպան երկիր»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Թուրքիայում «Ժամանակին հայեր կային» խորագրով միջոցառումների շարք է անցկացվելու, որ շրջանակում 2015-ի ապրիլի 24-ին Թաքսիմ հրապարակում ոգեկոչելու են ցեղասպանության զոհերին: Կամակերպիչները նշում են, որ 1915-ից այս կողմ իշխանությունները բանական «ներողության» փոխարեն ժխտողական քաղաքականություն են որդեգրել: Իսկ պատմության մի կարևոր հատված, ինչպիսին Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած դերն է եղել, պարզապես ջնջվել ու մոռացվել է:

Մինչև այդ նոյեմբերի սկզբին Ստամբուլում տեղի է ունեցել «1915-ի ողբերգության քննարկումը 100-րդ տարելիցին. նշանակություն, հիշողություն և քաղաքականություն» խորագրով ժողով: Այն կազմակերպել է Ստամբուլի Բողազիչի համալսարանի և «Թուրքարդյունաբերողների և գործարարների» միության (TÜSİAD-ԹԱԳՄ) արտաքին քաղաքականության ֆորումը: Ժողովի ընթացքում ելույթ են ունեցել ԲենթլիիՀամալսարանի դասախոս Ասպետ Գոչիկյանը, Փարիզի Սիանս Պո Էքս համալսարանի դասախոս Միշել Մարյանը և Երևանում գործող «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: