5 հուլիսի 2006 - 15:22 AMT
Լատվիայի նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ քաղաքական երկխոսության մակարդակով
Հունիսի 27-ին Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը իր հավատարմագրերն է հանձնել Լատվիայի նախագահ Վաիրա Վիկե-Ֆրեյբերգային, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Վաիրա Վիկե-Ֆրեյբերգան գոհունակություն է հայտնել երկու երկրների քաղաքական երկխոսության մակարդակի վերաբերյալ եւ հույս հայտնել, որ առաջիկա տարիների ընթացքում հնարավոր ներուժը կօգտագործվի Լատվիայի եւ Հայաստանի համագործակցության ընդլայնման եւ խորացման համար: Իր հերթին Աշոտ Գալոյանը նշել է, որ Հայաստանն ի դեմս Լատվիայի տեսնում է կայուն գործընկերոջ` եվրաինտեգրման, հատկապես Նոր հարեւանության քաղաքականության, ինչպես նաեւ Բալթյան եւ Հարավկովկասյան տարածաշրջանների համագործակցության շրջանակում: Լատվիա այցելության ընթացքում Հայաստանի դեսպանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Լատվիայի տնտեսության նախարարի, պաշտպանության նախարարի, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, Լատվիա-Հայաստան պատգամավորական խմբի անդամների, ԱԳ նախարարության պետքարտուղարի, երկկողմ հարաբերությունների վարչության տնօրենի եւ Լատվիայի գործարարների միության նախագահի հետ: Լատվիայի տնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ լատվիական կողմը նշել է, որ իրենք պատրաստ են հիմնել հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողով` երկկողմ տնտեսական ծրագրերի մշակման եւ փոխշահավետ բնագավառներում համագործակցության զարգացման համար: