26 դեկտեմբերի 2014 - 10:53 AMT
Նավթի գինն աճում է Լիբիայի իսլամիստների պատճառով

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գները Մոսկվայի ժամանակով 7:20-ի դրությամբ աճել են 0,41 տոկոսով՝ հասնելով 60,49 դոլարի մեկ բարելի դիմաց: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0,43 տոկոսով՝ հասնելով 56,08 դոլարի մեկ բարելի դիմաց:

Գնաճի պատճառը «Լիբիայի լուսաբաց» խմբավորման գրոհայինների հաջողություններն են երկրի հյուսիսում: Հինգշաբթի գրոհայինները մի քանի հրթիռ են արձակել նավթապահեստարանի ուղղությամբ, որը գտնվում է Լիբիայի Ռաս Լանուֆ նավահանգստում, արդյունքում բռնկում է տեղի ունեցել: Հրթիռակոծությունն իրականացվել է բաց ծովում գտնվող նավից, նշում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Էս Սիդր և Ռաս Լանուֆ նավթային նավահանգիստները փակել են արդեն գրեթե երկու շաբաթ կառավարական ուժերի և ծայրահեղական իսլամիստական խմբավորումների բախումների պատճառով:

Շաբաթվա ընթացքում նավթի գինը նվազում էր, հիմնականում, ԱՄՆ-ում նավթի պաշարների աճի և Սաուդյան Արաբիայի այն հայտարարության պատճառով, որ Էռ Ռիադը չի նվազեցնի նավթի արդյունահանումը նույնիսկ եթե մեկ բարելի գինը նվազի մինչև 20 դոլար:

Նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին: