26 դեկտեմբերի 2014 - 11:19 AMT
Բիթլիսի նահանգապետարանը հաստատել է Վիլյամ Սարոյանի անունով փողոց անվանակոչելու որոշումը

Բիթլիսի նահանգապետարանը հաստատել է քաղաքապետարանի կողմից ներկայացված որոշ փողոցների ու թաղամասերի անվանակոչության առաջարկը, որոնց շարքում է նաև այն փողոցը, որը կոչվելու է հայ գրող Վիլյամ Սարոյանի անունով:

Ermenihaber-ը գրում է, որ այս մասին գրավոր հայտարարություն է տարածել Բիթլիսի նահանգապետարանը՝ հայտնելով, որ որոշումը հաստատել է նահանգապետ Օրհան Օզթուրքը:

Մարտի 1-ին Թաթվանում «Բիթլիսի հայերը» խորագրով ցուցահանդես էր տեղի ունեցել, որի ընթացքում առաջարկվել էր փողոցը, որտեղ բնակվել էր Սարոյանի ընտանիքը, անվանել գրողի անունով: Բիթլիսի քաղաքապետարանը տվել էր իր համաձայնությունը:

Բիթլիսի քաղաքային խորհուրդը օգոստոսին հաստատել է հինգ փողոցներ վերանվանելու մասին որոշումը:

Վիլյամ Սարոյանը թեև ծնվել է Ֆրեզնոյում, ամուր կապ է պահպանել իր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել Արմտյան Հայաստան: 2014-ին նշվում է այցի 50-ամյակը: Սարոյանի անունով նախատեսվում է անվանակոչել քաղաքի Սափգոր թաղամասի գլխավոր փողոցը, որտեղ ապրել է գրողի ընտանիքը: Այս թաղամասի շատ տներ դեռ պահպանում են իրենց կառուցման ամսաթիվը հայկական, օսմանյան և արևմտյան համարներով:

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում: 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում: Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել: Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրատան ցրիչ: Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է, գրել պատմվածքներ:

Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում («Փոքրիկ երեխաներ», 1937 թ., «Ողջույն քեզ, սեր», 1938 թ., «Անունս Արամ է», 1940 թ., «Սիրելիս», 1944 թ., և այլն): Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են. Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար աբմողջ աշխարհում»:

Սարոյանի հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ: Հայրենիքի թեման, նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց ինքնատիպ կերպարները հակադրվում են ամերիկյան ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին: Սարոյանի հերոսները, հատկապես մանուկների ու պատանիների տպավորիչ կերպարները, համաշխարհային գրականություն են մտել որպես հոգու մաքրության և անկեղծության խորհրդանիշներ: