Դսեղի դպրոցում ժամանակակից ստեղծագործարան է բացվել

Դսեղի դպրոցում ժամանակակից ստեղծագործարան է բացվել

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) գործակցության արդյունքում բացվել է հերթական՝ թվով 6-րդ ստեղծագործարանը: Էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով և շարժական հատուկ կահույքով հագեցած կրթասրահում սովորելու են Լոռու մարզի Դսեղ համայնքի դպրոցի աշակերտները:

Ստեղծագործարանն օգնելու է ոչ միայն ուսումնատենչ աշակերտներին, այլև բոլոր այն ուսուցիչներին, ովքեր ցանկանում են տեխնոլոգիաների կիրառումն ինտեգրել դասապրոցեսում` այն դարձնելով ավելի հետաքրքիր և ուսանելի: Նորարարական այս դասասենյակի առանձնահատկություններից է տեխնիկապես հզոր հագեցվածությունը, ինչպես նաև հատուկ շարժական կահույքի առկայությունը: Վերջինս աշակերտներին հնարավորություն է տալիս կատարել և´ անհատական, և´ զույգերով, և´ խմբային աշխատանք:

Գործընկեր կազմակերպությունները լիահույս են, որ ստեղծագործականությունը խթանող ժամանակակից միջոցներ տրամադրելով գյուղի դպրոցին` նպաստում են աշակերտների ընդունակությունների բացահայտմանն ու զարգացմանը: Կարևոր է, որպեսզի ստեղծագործելու հնարավորություն ընձեռող ժամանակակից գործիքները հավասարապես հասանելի լինեն թե՛ քաղաքի, թե՛ գյուղի երեխաներին: 2013-2014թթ. ընթացքում նույն ծրագրի շահառու են դարձել նաև Արմավիրի մարզի Սարդարապատ, Վանանդ, Հացիկ, Արագածոտնի մարզի Արտենի, ինչպես նաև Լոռու մարզի Թումանյան համայնքի երեխաները:

«Զարգացման ձգտող որևէ երկիր կարևոր տեղ է հատկացնում կրթությանը: Գիտելիք ձեռք բերելը, սակայն, բավարար չէ հաջողության հասնելու համար: Անհրաժեշտ է իմացության բազայից խելացի օգտվելու կարողություն, այդ ամենը կոնկրետ գործողության մեջ տեսնելու հմտություն և որոշումներ կայացնելու ճկունություն: Դպրոցական սեղանների մոտ տարիներ շարունակ ձեռք բերած հմտություններն առավել օգտակար են լինում, երբ աշակերտը կարողանում է տրամաբանել և դրսևորել ստեղծագործ մոտեցում: Կարծում եմ, որ այսօրինակ ստեղծագործարանները ֆունկցիոնալ առումով կծառայեն հենց այդ նպատակին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանն էլ կարևորել է տեխնոլոգիաների զարգացումը գյուղերի կրթական հաստատություններում: Ըստ տիկին Եդիգարյանի՝ «COAF-ի զարգացման փիլիսոփայությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ գյուղերը առանցքային դեր են խաղում երկրում տնտեսական աճ ու կայուն զարգացում ապահովելու, ինչպես նաև կրթության որակը բարձրացնելու գործում: Մեր հուսալի գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը թույլ կտան տեխնոլոգիաների կիրառմամբ բարելավել տեղեկատվության հասանելիությունը, զարգացնել նորարարությունն ու ստեղծագործականությունը»:

245 աշակերտ ունեցող Դսեղի դպրոցը լավ ավանդույթների հետևող կրթօջախ է: Այստեղ սովորում են տաղանդավոր շատ երեխաներ, ովքեր տարբեր մրցույթների և փառատոնների մասնակիցներ ու հաղթողներ են: Ի լրումն դպրոցում դասավանդվող հիմնական օտար լեզվի՝ գերմաներենի, Դսեղում գործում է նաև անգլերեն լեզվի արտադասարանական խմբակ: Նորաբաց ստեղծագործարանը կնպաստի Դսեղի դպրոցի աշակերտների հմտությունների և գիտելիքի աճին, կբարձրացնի տեղեկատվական ու հաղորդակցական հմտությունների տիրապետման մակարդակը, կխրախուսի տեխնոլոգիաների օգտագործումը թե´ կրթելու, թե´ կրթվելու գործընթացում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---