Արևային ջրատաքացուցիչ, վահանակներ և «էլեկտրական հովիվ» Ծովագյուղի բնակիչներին

Արևային ջրատաքացուցիչ, վահանակներ և «էլեկտրական հովիվ» Ծովագյուղի բնակիչներին

PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները` այս անգամ Ծովագյուղ համայնքում: Նախագծի շրջանակում համայնքում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ, արևային վահանակներ և արևային «էլեկտրական հովիվ», որը պաշտպանում է գյուղի ընտանի կենդանիներին և նորատունկ այգիները գիշատիչներից և կրծողներից: Միջոցառումն անցավ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանի, Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի և տեղաբնակների մասնակցությամբ, ասվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ:

Համայնքի մանկապարտեզում տեղադրված արևային ջրատաքացուցիչը ջեռուցման էներգաարդյունավետ և բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց է: Այս համակարգը ձմռանը 50-60%-ով նվազեցնում է ջեռուցման ծախսը, իսկ ամռանը` 100%-ով տաք ջրի ծախսը: Բացի այդ, տեղադրվել են նաև արևային վահանակներ, որպեսզի արևային ջրատաքացուցիչի ղեկավարման համակարգն իր պոմպով ընդհանրապես չօգտագործի էլեկտրաէներգիա:

Արևային ջեռուցման և ջրատաքացուցիչ համակարգն ունի ջրատաքացուցիչ 6 կոլեկտոր, յուրաքանչյուրը՝ վակուումային 30 խողովակով (ընդհանուր՝ 180 հատ): Հայաստանում, ի դեպ, 70մմ տրամագծով վակուումային խողովակներն առաջին անգամ են գործարկվում (մինչ այժմ շահագործվող խողովակների տրամագիծը չի գերազանցել 58մմ-ը) և առավել արդյունավետ են: Վակուումային մեկ խողովակի երկարությունը 2.1մ է: Համակարգն ունի նաև 500 լիտր տարողությամբ երկկոնտուր ջերմափոխանակիչ բաք, ինչպես նաև ղեկավարման համակարգ` իր պոմպով:

Վայրի կենդանիների ներխուժումները կանխելու համար գյուղը կստանա նաև արևային երկու «էլեկտրական հովիվ»` արտադրված ոլորտի առաջին և ամենահեղինակավոր Գալագեր կազմակերպության կողմից: Արևային էներգիայով գործարկվող էլեկտրական ցանկապատն ընտանի կենդանիներին կպաշտպանի գայլերից և այլ գիշատիչներից: Այս արդյունավետ և նորարար լուծումն արդեն մի քանի տասնամյակ կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում:

«Բնությունն ինքն է հուշում մարդկությանը, որ կան էներգիա ստանալու ավելի հեշտ և մատչելի տարբերակներ, որոնցից մենք կարող ենք օգտվել: Ինչու՞ գնալ ծախսատար և շրջակա միջավայրին վնաս պատճառող ճանապարհով, եթե կարելի է օգտվել արևի էներգիայից: Զարգացող երկրների համար առավել ևս այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը կարևոր է, քանի որ դա տնտեսապես շահավետ տարբերակ է: Էլեկտրաէներգիայի համար վճարվող գումարը կարելի է օգտագործել կենսական այլ խնդիրներ լուծելու և կյանքի պայմանները բարելավելու նպատակով: Հայաստանում այդ առումով առավել խոցելի են մարզերը, հատկապես այն բնակավայրերը, որտեղ ձմեռն ավելի երկար է և խստաշունչ, հետևաբար` մեծ են ջեռուցման ծախսերը: Մենք աջակցում ենք «Այլընտրանքային էներգիա» ծրագրին, որովհետև այն ուղղված է երկու կարևոր հարցի լուծմանը` շրջակա միջավայրի պահպանությանը և գյուղական համայնքների բնակիչների բարեկեցությանը նպաստելուն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքը հիմնադրվել է 1828թ.-ին և ներկայումս ունի 4318 բնակիչ: Բնակչության մեծ մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Արազափ գյուղից: Էլեկտրաէներգիայի ծախսը լուրջ մարտահրավեր է այս համայնքում, որտեղ տնտեսությունները պարբերաբար տուժում են գայլերի, այլ գիշատիչների և կրծողների ներխուժումներից: «Այլընտրանքային էներգիա» նախագծի իրականացումը Ծովագյուղ համայնքում կլուծի մի շարք հրատապ խնդիրներ՝ միևնույն ժամանակ առաջարկելով տեղացիներին բնապահպանական այլընտրանքային միջոցներ և ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ օգտագործելու հնարավորություն:

«Այլընտրանքային էներգիա» ծրագրի նպատակն է կանխարգելել շրջակա միջավայրի աղտոտումը` հնարավորություն ընձեռելով օգտագործել այլընտրանքային էներգիայի աղբյուրներ: Տասն ամիս տևողությամբ ծրագիրը, որն իրականացվելու է Գեղարքունիքի (Վահան և Ծովագյուղ) և Արարատի (Պարույր Սևակ, Շաղափ, Լանջանիստ և Ուրցաձոր) մարզերի վեց համայնքներում, պարունակում է երկու բաղադրիչ` դասընթացներ տեղաբնակների համար և աջակցություն` համայնքներին այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման բնագավառում (արեգակնային ջեռուցման համակարգ, էլեկտրական ցանկապատեր, LED փողոցային լուսավորություն): Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը հավակնում է դառնալ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Կողմերը մեծապես կարևորում են բնության պահպանության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը, որն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքների զարգացմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---