3 հունվարի 2015 - 20:13 AMT
ՀՀ ԱԳՆ-ն՝ դիվերսիաների մասին․ Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ իր ղեկավարության սպառնալիքը

Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է հունվարի լույս 3-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Պաշտպանության բանակի հետ շփման գծում 2 դիվերսիոն հարձակման փորձը, որոնց հետևանքով մարդկային կորուստներ կան։

Հունվարի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Գրիգորյանը և Վարդան Մկրտչյանը, վիրավորվել զինծառայող Վոլոդյա Հարությունյանը:

Ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին, ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում։

«Սա կոպիտ արհամարհանք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հատկապես կրոնական տոների նախաշեմին և ընթացքում սադրիչ գործողություններից և իրավիճակի սրումից զերծ մնալու կոչերի նկատմամբ։

Վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի իր հորդորներին հակառակ գնացող ադրբեջանական ղեկավարությանը»,- ասվում է հայտարարույունում:

Բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ավելի ուշ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Կարդացեք նաև՝ Հակառակորդը տարեսկիզբը 2 դիվերսիայով է սկսել․ Հայկական կողմը 2 զոհ ունի