Զինված նոր միջադեպեր Ֆրանսիայում. Ըստ վարչապետի, երկիրը դիմակայում է աննախադեպ ահաբեկչական սպառնալիքի

Զինված նոր միջադեպեր Ֆրանսիայում. Ըստ վարչապետի, երկիրը դիմակայում է աննախադեպ ահաբեկչական սպառնալիքի

PanARMENIAN.Net - Հունվարի 8-ի առավոտյան պայթյուն է որոտացել Ֆրանսիայի արևելքում՝ Վիլֆրանշ սյուր Սոն քաղաքում, մզկիթից ոչ հեռու: Տուժածներ չկան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ AFP-ին հղումով: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հինգշաբթի առավոտյան անհայտը կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ: Արդյունքում ոստիկաններից մեկը ծանր վիրավորվել է, տուժել է նաև ճանապարհային ծառայության աշխատակիցը: Հարձակվողը ձերբակալվել է, դրդապատճառները չեն նշվում:

Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է հայտարարված:

Charlie Hebdo երգիծական ամսագրի փարիզյան խմբագրության վրա հարձակման հետաքննության շրջանակում ոստիկանները 7 մարդ են ձերբակալել, հայտնել է Le Monde-ն՝ ոստիկանությունում աղբյուրներին հղումով: Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը տեղեկացրել է «մի քանի ձերբակալվածների մասին», այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Հավաստի հայտնի է միայն մեկ ձերբակալվածի մասին: Դա 18-ամյա Համիդ Մուրադն է, որն ինքն է հանձնվել ոստիկանությանը հունվարի 7-ի երեկոյան Շառլեվիլ Մեզիեր քաղաքում: Ինքը Մուրադը պնդում է, որ ոստիկանություն գնաց, երբ իմացավ, որ նրան կասկածում են թերթի խմբագրության վրա հարձակում գործելու մեջ: Ըստ նրա, հարձակման պահին նա դպրոցում է եղել: Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, Մուրադը թերթի խմբագրության վրա հարձակված եղբայրներից մեկի՝ Շերիֆ Կունաշիի աներորդին է:

Հունվարի 7-ին եղբայրներ Շերիֆ և Սաիդ Կունաշիները 11 մարդ են սպանել Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական ամսագրի փարիզյան խմբագրությունում: Սպանվածների թվում է նաև գլխավոր խմբագիրն ու առաջատար ծաղրանկարիչները, ինչպես նաև գլխավոր խմբագրին պաշտպանող ոստիկանը: Եվս մեկ ոստիկան սպանվել է փողոցում:

Charlie Hebdo հայտնի է քաղաքականության և կրոնին վերաբերող ծաղրանկարներով: Ըստ աղբյուրի, հարձակվողները հայտարարել են, թե վրեժ են լուծում մարգարե Մոհամեդի ծաղրանկարների համար:

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ RTL ռադիոյին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիային սպառնացող հարյուրավոր պոտենցիալ ահաբեկիչներին հետևելու դժվարությունը:

«Մենք դիմակայում ենք աննախադեպ ահաբեկչական սպառնալիքի՝ ներքին ու արտաքին: Մեր ծառայություններին հաջողվեց կանխել հանցագործությունների շարքը… Սակայն հարկ է հետևել հարյուրավոր մարդկանց…Զրոյական ռիսկ գոյություն չունի»,- հայտարարել է վարչապետը:

Անդրադառնալով ահաբեկչության հետաքննությանը՝ վարչապետը հայտարարել է, որ հատուկ ծառայություններն այժմ կենտրոնացած են հանցագործությունը կատարած ահաբեկիչներին հետևելու ու ձերբակալելու վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ, որը տասներկու անմեղ մարդկային զոհերի և մի շարք վիրավորների պատճառ է դարձել:

«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ: Վշտի ու կորստի այս ծանր պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը Ձեզ հետ են, ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին։ Մեր անկեղծ զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---