NDI-ի հայաստանյան գրասենյակն անորոշ ժամանակով կսառեցնի աշխատանքը

NDI-ի հայաստանյան գրասենյակն անորոշ ժամանակով կսառեցնի աշխատանքը

PanARMENIAN.Net - Գալիք գարնանից Միացյալ Նահանգների կառավարության կողմից ֆինանասավորվող և Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը աջակցող Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute - NDI) հայաստանյան գրասենյակը անորոշ ժամանակով սառեցնում է իր աշխատանքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կազմակերպության ներկայացուցիչ Գեղամ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ խնդիրը ֆինանսական է և կապված չէ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցելու հետ: «Ես սրա տակ ոչ մի քաղաքական դրդապատճառ չեմ տեսնում: Ես չեմ կարող խոսել ամերիկյան կառավարության անունից, այդ հարցերը կարող եք ուղղել Միացյալ Նահանգների դեսպանատուն: Բայց ես կարծում եմ, որ ինչ-որ փոքր հիասթափություն հնարավոր է, որ Արևմուտքի կողմից եղել է, բայց դա անակնկալ չի եղել»:

Նա, այդուամենայնիվ, ընդունում է, որ նախկին Խորհրդային միության տարածքում փոխվել են առաջնահերթությունները, և Հայաստանը վերջին տարիներին Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համեմատ ավելի քիչ ֆինանսավորում է ստացել: «Հայաստանը միշտ վերջին տարիներին հայտնվել է ֆինանսավորման ռադարից մի փոքր ավելի դուրս: Նկատի ունենալով Ռուսաստանի հետ հարաբերությունները»,- ասել է Սարգսյանը:

Գրասենյակը Հայաստանում գործում է արդեն 20 տարի: Այս ընթացքում աջակցել է ժողովրդավարության ամրապնդմանը՝ համագործակցելով քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ: Գեղամ Սարգսյանը հույս ունի, որ ապագայում այս ծրագրերը կշարունակվեն, սակայն հստակ ժամկետներ առայժմ չի կարող նշել. «Այն ժամանակ կարևոր էր երևի քաղաքական կուսակցությունների հետ աշխատանքը, կարևոր էր օրենքի գերակայության հետ կապված մեր շրջանակներում աշխատանքը, ընտրական քարոզարշավի կազմակերպումը: Դիմացը չկան ընտրություններ: Այս պահին դա առաջնահերթություն չի համարվում USAID-ի (ԵՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալություն) համար: Սա չի նշանակում, որ դա կարող է շատ երկար ժամանակ տևել: Հայաստանը դեռևս դիտվում է որպես հնարավորությունների երկիր»:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---