Charlie Hebdo-ի հայ աշխատակիցը հրաշքով փրկվել է՝ նա չի եղել խմբագրությունում հարձակման պահին

Charlie Hebdo-ի հայ աշխատակիցը հրաշքով փրկվել է՝ նա չի եղել խմբագրությունում հարձակման պահին

PanARMENIAN.Net - Իսլամիստների հարձակման թիրախ դարձած ֆրանսիական երգիծական Charlie Hebdo թերթի հայ աշխատակից Մաթյե Մադենյանը պետք է մասնակցեր այդ օրը առավոտյան խմագրությունում կայանալիք ժողովին, սակայն չի կարողացել ներկա գտնվել պլանների փոփոխության պատճառով:

Ահաբեկչությունից անմիջապես հետո Մաթյե Մադենյանը ելույթ ունեցավ Canal+-ի եթերում՝ որոշ մանրամասներ ներկայացնելով խմբագրության կյանքից: Ըստ նրա, ամեն չորեքշաբթի առավոտյան ժամը 10-ին խմագրությունը հավաքվում էր ժողովի ու «ուղեղների գրոհի», սակայն հարձակման օրը նա ստիպված էր բացակայել: «Այդ առավոտ ժամը 9-ին ես Շարբին (գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեին, որը նույնպես զոհվել է՝ խմբ.) կարճ հաղորդագրություն ուղարկեցի, որ չեմ գալու և ավելի վաղ խոստացած թխվածքաբլիթները մի ուրիշ անգամ կբերեմ…հիմա ես բազում հաղորդագրություններ եմ ստանում, որոնց չգիտեմ, թե ինչ պատասխանեմ…ես միայն զոհվածների մասին եմ հիմա կարողանում մտածել»,-ասել է նա, գրում է L'Independant-ը:

Մադենյանը պատմել է, որ պարբերականը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, և որ գլխավոր խմբագիրը բազմիցս է նրան սպառնալիքներով ու վիրավորանքներով նամակներ ցույց տվել:

Հունվարի 7-ին զինված հարձակում է կատարվել Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo երգիծական թերթի փարիզյան խմբագրության վրա: Ըստ տարբեր տվյալների, հարձակվողները երկու կամ երեք տղամարդ են եղել: Ըստ ոստիկանության վերջին տվյալների, 12 մարդ է զոհվել, որոնցից երկուսը ոստիկան էին: Առնվազն 10 մարդ վիրավոր է, որոնցից 5-ի վիճակը ծանր է: Իսլամիստների գրոհը վրեժ էր Մոհամեդ մարգարեի ծաղրանկարի համար: Ամսագիրը բազմիցս է ծաղրանկարներ հրապարակել կրոնական թեմաներով՝ հարուցելով իսլամիստների վրդովմունքը: Գրոհից մի քանի ժամ առաջ ամսագրում տպագրվել էր «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ծաղրանկարը:

Ֆրանսիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները որոնում են հարձակվողներին: Ըստ նախնական տվյալների, նրանք Ֆրանսիայի քաղաքացիներ են, ծագումով ալժիրցիներ, որոնք մասնակցել են պատերազմին Սիրիայում իսլամիստների կողմից:

Կատարվածն առաջին գրոհը չէ թերթի վրա, մի քանի տարի առաջ պարբերականի շենք էին նետել պայթուցիկով շշեր, լրագրողները բազմաթիվ սպառնալիքներ էին ստանում, գլխավոր խմբագիրը թիկնապահ ուներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---