7 հուլիսի 2006 - 15:43 AMT
Ա-320-ի վթարի հետաքննության արդյունքները կհայտարարվեն մոտ ապագայում
Առաջիկայում տեխնիկական հանձնաժողովը կհայտարարի «Արմավիա» ընկերության Ա-320 ուղեւորատար ավիալայների Սոչիի մերձակայքում կործանման հետաքննության արդյունքների մասին: Այդ մասին Փարիզում հաղորդել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: «Մի քանի օր առաջ Տուլուզայում Ա-320-ի տրենաժորի վրա մոդելավորվեցին այն իրավիճակի վերջին րոպեները, որում հայտնվել էր հայկական ինքնաթիռն ավիավթարից առաջ: Այդ աշխատանքին մասնակցել են ֆրանսիացի, ռուս եւ հայ օդաչուները»,-ասել է Լեւիտինը: Նրա խոսքերով, թռիչքի մոդելավորման ժամանակ մասնագետները հիմնվել են այն տեղեկությունների վրա, որոնք ստացվել էին ինքնագրիչների վերծանման ժամանակ: «Տրենաժորի վրա մոդելավորումը հետաքննության վերջնական փուլն է: Այժմ հարկավոր է ամփոփել ողջ հավաքված տեղեկատվությունը, որից հետո տեխնիկական հանձնաժողովը կհայտարարի հետաքննության արդյունքները»,-նշել է ՌԴ տրանսպորտի նախարարը:

Հիշեցնենք, որ 2006 թվականի մայիսի 3-ին Ադլերի օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց հայկական «Արմավիա» ընկերության Ա-320 աէրոբուսը: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր ուղեւորները (105 մարդ` որոնցից 26-ը` Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը` Վրաստանի, մեկը` Ուկրաինայի, մյուսները` Հայաստանի) եւ անձնակազմի ութ անդամները (երկու օդաչուները, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդները):