12 հունվարի 2015 - 12:08 AMT
Ուժի մեջ է մտել օրինախախտ միգրանտների մուտքը ՌԴ 10 տարով արգելող օրենքը

Ուժի մեջ է մտել իրավախախտ միգրանտների մուտքը ՌԴ 10 տարով արգելող օրենքը: 2015-ին ՌԴ-ում նախատեսվում է չեղյալ համարել միգրացիոն արտոնությունները, որոնք գործում էին Ուկրաինայի քաղաքացիների համար՝ հավասարեցնելով նրանց իրավունքներն այն երկրների քաղաքացիների իրավունքներին, որոնց հետ ՌԴ-ն վիզային ռեժիմ չունի, հայտնել է Դաշնային միգրացիոն ծառայությունը, գրում է «Բաց գիծ» կայքը:

Ընթացիկ տարվա սկզբից սահմանափակում է ներմուծվել ԱՊՀ որոշ երկրների քաղաքացիների համար, նրանք կարող են մուտք գործել Ռուսաստան միայն արտասահմանյան անձնագրի առկայությամբ:

Ավելի վաղ Ռուսաստանի ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարեց, որ Հարյուր հազարավոր միգրանտների համար մուտքը Ռուսաստան կարող է արգելվել 10 տարով երկրում կացության օրինական ժամկետը խախտելու համար: Դա կապված է հունվարի 10-ին ուժի մեջ մտնող օրենսդրական փոփոխությունների հետ: «Այժմ Ռուսաստանի տարածքում գրեթե 3 մլն օտարերկրյա քաղաքացի կա, որոնք զգալիորեն խախտել են երկրում օրինական կարգով գտնվելու ժամկետը՝ 90 օրը»,-ասել է նա:

Նա հայտնել է, որ ըստ նոր ուղղումների 120-օրյա ժամկետը խախտելու դեպքում մուտքը ՌԴ կարգելվի 3 տարով, իսկ 270 օրը գերազանցելու դեպքում՝ մուտքը կարգելվի 5 տարի ժամկետով:

«Երկրում 360 օրից ավելի ապօրինի մնալու դեպքում մուտքը կարգելվի 10 տարով»,-հայտարարել է Ռոմոդանովսկին: Ավելի վաղ Ռուսաստանի ԴՄԾ ղեկավարը հայտարարեց, որ 2015-ի սկզբին ներգաղթյալների հոսքը Ռուսաստան նվազել է 70 տոկոսով:

ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ մտավ 2015–ի հունվարի 1–ից, հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին մուտք գործել ՌԴ տարածք և աշխատել առանց թույլտվության և աշխատանքային պայմանագրին համապատասխան: Ըստ Միգրացիոն ծառայության ներկայացուցչի, այդպիսով` ՀՀ քաղաքացիների իրավունքները հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների իրավունքներին, ուստի հարկավոր կլինի միայն ՀՀ քաղաքացու անձնագիրն ու աշխատանքային պայմանագիրը: Այդ մասին հայտարարել է ՀՀ Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Եգանյանը նշել է նաև, որ խնդիր է դրված հրաժարվել պետտուրքի վճարման պահանջից, որի արդյունքում, ըստ նրա, Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողները ընդհանուր առմամբ 15-20 մլն դոլար կտնտեսեն: