Հայկական կողմը թույլատրել է ադրբեջանցիներին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտի դին

Հայկական կողմը թույլատրել է ադրբեջանցիներին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտի դին

PanARMENIAN.Net - Տավուշում հունվարի 11-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողություններից հետո որոշ ժամանակ շարունակվում էր լարվածությունը: Հայկական ստորաբաժանումները արժանի հակահարված են տվել բոլոր կրակոցներին: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ելնելով միջազգային մարդասիրական նորմերից թույլատրել են ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել դիվերսանտներից մեկի դին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հունվարի 11-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի՝ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են ձեռնարկել:

Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել է: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում:

Մինչդեռ նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցեց ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր:Ադրբեջանական կողմը 10 օր թույլ չէր տալիս տարհանել անձնակազմի զոհված անդամների դիերը: Դիերը տարհանվեցին ԼՂՀ ՊԲ հատուկ գործողության արդյունքում, որի ժամանակ երկու ադրբեջանցի զինվոր ոչնչացվեց:

Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տակավին նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակել է ավելի քան 2000 կրակոց:

Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---