Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեն փաստացի հերքել է «հայ դիվերսանտի» վերաբերյալ այդ երկրի ՊՆ վարկածը

Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեն փաստացի հերքել է «հայ դիվերսանտի» վերաբերյալ այդ երկրի ՊՆ վարկածը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահ Էլչին Բեհբուտովը պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության մեկուսարանում դիտարկման ժամանակ հանդիպել է այնտեղ պահվող ԼՂՀ ՊԲ զինծառայող Արսեն Բաղդասարյանին:

Արսեն Բաղդասարյանն, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է դեկտեմբերի 27-ին դիվերսիայի հետ մղման ընթացքում: ԼՂՀ ՊԲ-ն, հերքելով դիվերսիայի փաստը, հայտարարեց, որ պայմանագրային զինծառայող Բաղդասարյանը մշատապես ինքնակամ լքել է տեղակայման վայրը և կարգապահական բազմաթիվ խախտումների պատճառով ժամանակավորապես հեռացվել է ծառայությունից: Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում էր «դիվերսանտի» գերեվարման իր վարկածը:

Ըստ 1news.az-ի, հանդիպման ժամանակ զինծառայողը, մասնավորապես, հայտարարել է, որ չի ցանկանում հայրենիք վերադառնալ և խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել: Այսպիսով Բեհբուտովի փոխանցած հայտարարությունը ուղղակիորեն հակասում է ՊՆ վարկածին «հայ դիվերսանտի» գերեվարության մասին:

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 29-ին հրապարակեց հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամի՝ ամբաստանյալներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավճիռը: Դրանով Դիլհամ Ասկերովը դատապարտվեց ցմահ ազատազրկման, Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Հուլիսի 10-ին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղությամբ) հակառակորդը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն էր ձեռնարկել: Կազմակերպված հանցավոր խմբի անդամը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվեց ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվեցին կամ ոչնչացվեցին։ Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Ադրբեջանական կողմը մշտապես փորձում էր փոխանակել նրանց մեկ գերի Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև ադրբեջանական գերության մեջ մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի դիակի հետ, սակայն ամեն անգամ մերժվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---