Կստեղծվի Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու վերագործարկման հնարավորությունները հետազոտող հայ-վրացական խումբ

PanARMENIAN.Net - Նախօրեին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է իր վրաց գործընկեր Զուրաբ Նողաիդելիի հետ, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Ողջունելով Վրաստանի իշխանությունների որոշումը` Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարծիք է հայտնել, որ տեղի բնակչության շրջանում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով նպատակահարմար կլիներ տեղի գործարարներին եւ բնակչությանը ներգրավել նախատեսված շինարարական աշխատանքներում, մանավանդ, որ, ըստ նրա, տարածաշրջանի բնակչությունը այդօրինակ աշխատանքի որակյալ իրականացման փորձ ունի: Անդրանիկ Մարգարյանը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, մեկ անգամ եւս հավաստել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը` հնարավորինս աջակցելու Ջավախքի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրին: Հայաստանի կառավարության ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ այս փուլում, երկու երկրների վարչապետների որոշման համաձայն, հայկական կողմը կօգնի Ջավախքի մի շարք կրթական հաստատությունների վերականգնմանը: Հետագա օժանդակության չափերն ու ձեւերը, ըստ նրա, կորոշվեն տարածաշրջանի վերականգնման համալիր ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը հայկական կողմին փոխանցելուց հետո:



Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանի երկաթուղային երթուղիների վերաբացման խնդիրներին եւս: Վարչապետները պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ` մասնավորապես, Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղային երթուղու վերականգնման հնարավորությունն ու շահավետությունն ուսումնասիրելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---