14 հունվարի 2015 - 11:37 AMT
ԵՄ-ն հակված է մեղմացնելու Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները

Եվրամիության երկրների իշխանությունները միտված են մեղմացնելու Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները: Բրյուսելում պատրաստված փաստաթղթում, որը քննարկման կդրվի անդամ պետություններում, առաջարկվում է քննարկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, այդ թվում վերսկսել բանակցությունները մուտքի արտոնագրերից զերծ ռեժիմի մասին, հայտնում է ՌԲԿ-ն The Wall Street Journal-ին հղումով:

Փաստաթուղթը, որը դեռ չի ներկայացվել ԵՄ երկրների ներկայացուցիչներին, նախապատրաստվել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության կողմից ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ, որը կայանալու է հունվարի 19-ին Բրյուսելում: Առաջիկա հանդիպման գլխավոր թեման կլինի քաղաքականությունը Ռուսաստանի հարցում միջնաժամկետ հեռանկարում: Փաստաթղթում ասված է, որ ԵՄ-ն չի կարող վերադառնալ այն սկզբունքներին, որոնց հիման վրա նախկինում կառուցվում էին հարաբերությունները ՌԴ հետ: Միևնույն ժամանակ փաստաթուղթն առաջարկում է աստիճանաբար մեղմացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նշվում է, որ դա կախված կլինի Ուկրաինայում կրակի դադարեցման ու հրադադարի մասին համաձայնագրերի լիարժեք կատարումից: Բրյուսելում ակնկալում են նաև, որ Ռուսաստանը կկատարի իր պարտավորությունները Ուկրաինայի հանդեպ գազի հարցում և չի խոչընդոտի Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական ու քաղաքական հոդվածների կատարմանը:

Եվրամիությունն ու ԱՄՆ-ն տնտեսական պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ ուկրաինական ճգնաժամի, Ղրիմը ՌԴ-ին միացնելու և Ուկրաինայի արևելքում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ են սահմանվել մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելել են վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով: Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայի արևելքում իրավիճակի պատճառով նվազեցրել են տնտեսության աճի տեմպերը, սաստկացրել գնաճն ու ռուբլու անկումը: 2014-ի ավարտին ԱՄՀ-ն ակնկալում է ՌԴ-ում ՀՆԱ 0,2 տոկոս աճ:

Պարբերականը նշում է, որ չնայած, որ փաստաթղթի նպատակն է միայն նշել բանավեճի թեմաները, սա ԵՄ իշխանությունների Մոսկվայի հարցում քաղաքականության վերանայման ամենալուրջ փորձն է: Փաստաթղթում խոստովանություն կա, որ Ղրիմի հանդեպ Մոսկվայի հսկողության հարցում «առաջիկայում փոփոխություններ ակնկալել չի կարելի», ուստի «ԵՄ-ն պետք է պատրաստ լինի մեղմացնելու իր դիրքորոշումը», եթե Ռուսաստանը պահպանի խաղաղ պայմանավորվածություններն Ուկրաինայի հարցում:

Փաստաթղթում չի ասվում, թե կլինի արդյոք խստացում, եթե իրավիճակը Ուկրաինայում չբարելավվի: ԵՄ դիվանագետները երեք ուղղություն են առանձնացրել, որով կարելի է զարգացնել գործակցությունը Ռուսաստանի հետ. միջազգային քաղաքականություն, առևտուր և գործակցություն առանձին ոլորտներում: Մասնավորապես, ասվում է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարում Մոսկվայի հետ գործակցության մասին, քաղաքականության համակարգման մասին Լիբիայում, Իրանում ու Մերձավոր Արևելքում:

Եթե Ռուսաստանը չխոչընդոտի ԵՄ ու Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնության կետերի կատարմանը, Բրյուսելը կարող է մտածել նաև ԵՄ և ԵՏՄ միջև պաշտոնական հարաբերությունների հաստատման մասին: ԵՄ-ն պատրաստ է վերսկել բանակցությունները Մոսկվայի հետ առանց վիզաների մուտքի մասին: Դա տեղի կունենա, եթե Մոսկվան փոխզիջման գնա եվրոպական ավիաընկերություններին ՌԴ տարածքով թռչելիս ուղևորների մասին տեղեկությունների տրամադրման հարցում: Եվրոպացի դիվանագետները նաև առաջարկում են աստիճանաբար վերսկսել երկխոսությունը Մոսկվայի հետ էներգետիկայի, էկոլոգիայի ու կլիմայի փոփոխությունների ոլորտում: Առաջարկվում է նաև քննարկել ռուսական կողմի հետ նոր երկկողմ առևտրային ու քաղաքական համաձայնագրերի կնքումը: