10 հուլիսի 2006 - 14:22 AMT
Վ.Կազիմիրով. Սաբինա Ֆրեյզերը միտումնավոր կերպով դրամատիզացնում է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
«Ըստ իս, ԶԼՄ-ները ավելորդ նշանակություն են տալիս Ղարաբաղի վերաբերյալ առանձին անձանց կողմից արված հայտարարություններին` լինեն դրանք պաշտոնյաներ թե ոչ պաշտոնավոր անձինք: Մերթ` Սաբինա Ֆրեյզերի խուճապահար արտահայտություններին, մերթ` Մեթյու Բրայզայի խոսքառատությանը: Այդ ժանրում ավելի շուտ ուշադրության է արժանի Էլդար Նամազովի վերջին հարցազրույցը Բաքվի «Էխո» թերթին,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի նախկին ռուս համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, Ս.Ֆրեյզերը միտումնավոր կերպով դրամատիզացնում է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Ձեւացնելով, թե նոր միջնորդի չի տեսնում այս հակամարտության համար, իրականում , նա ցանկանում է այդ դերում ներգրավել Եվրամիությանը: Չտիրապետելով Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունների պատմությանը, նա հաշիվը սկսում է 1994 թվականից, թեեւ ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ն վարում է դրանք 1992 թվականից, իսկ ընդհանուր առմամբ ղարաբաղյան կարգավորման գործընթացը սկսվել է 1991 թվականին: Հակամարտության կողմերի կարծրության եւ անզիջողության պատճառով, գործընթացը հաճախակի է ձգձգվել եւ դադարներ ունեցել, երբեմն` տեւական: Այնպես որ սա նորություն չէ: Եվ այսօր էլ սա բոլորովին էլ գործընթացի վերջը չէ: Ի դեպ, հարկ չկա Ֆրեյզերին վախենալ կողմերի անմիջական շփումներից, առանց միջնորդների: Եվ հետո Համանախագահների մանդատը միանշանակ պահանջում է նրանցից հորդորել ուղղակի շփումները ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ, ներառյալ բանակցությունները էական հարցերի շուրջ: Այլ բան, որ ոչ բոլոր կողմերն են պատրաստ դրան»,-նշել է ռուս դիվանագետը:

Նա ընդգծել է, որ առանձին անձանց արտահայատությունները հազիվ թե նման ուշադրության են արժանի: «Շատ ավելի կարեւոր է վերլուծել համանախագահների հունիսի 22-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդին ներկայացրած զեկույցը եւ նրանց հայտարարությունը: Այստեղ արդեն քիչ չեն իրական խնդիրները: Պետք է առանց խուճապի բանավեճ ծավալել կարգավորման ներկա փուլի շուրջ»,-ասել է Կազիմիրովը: