Հունաստանում Փերինչեքի խմբին թույլ չեն տվել ժխտել Ցեղասպանությունը. Նրանց վտարել են Թուրքիա

Հունաստանում Փերինչեքի խմբին թույլ չեն տվել ժխտել Ցեղասպանությունը. Նրանց վտարել են Թուրքիա

PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չի հաջողվել Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը գրում է, որ Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը: Նա երազում էր «հերոս» դառնալ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հունաստանի դեմ հայց ներկայացնելով՝ օրենքը խախտելու համար ակնկալվող ձերբակալությունից հետո:

Դեռևս 2005 թվականին, Շվեյցարիայի ոստիկանության կողմից կալանավորվելուց հետո, Փերինչեքը մեղավոր ճանաչվեց Հայոց ցեղասպանության ժխտման համար: Երբ Շվեյցարիայի դաշնային դատարանը (Գերագույն դատարանը) հաստատեց նրա պատիժը, Փերինչեքը 2008-ի դատավճիռը բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): 2013-ի դեկտեմբերի 17-ին, ՄԻԵԴ-ի յոթ դատավորից հինգը որոշում կայացրեց հօգուտ Փերինչեքի՝ պնդելով, որ Շվեյցարիայի դատարանները խախտել են նրա խոսքի ազատության իրավունքը: Երեք ամիս անց Շվեյցարիան ՄԻԵԴ-ի սխալ որոշումը բողոքարկեց դատարանի 17 անդամից բաղկացած Մեծ պալատում, որը նախատեսում է 2015-ի հունվարի 28-ին վերաքննել ավելի վաղ ընդունված դատավճիռը:

Սասունյանը գրում է, որ բարեբախտաբար, Փերինչեքի ծրագրած հնարքը Հունաստանում բազմաթիվ արգելքների հանդիպեց … Նախ, սկսենք նրանից, որ նա չէր կարող Թուրքիայից դուրս գալ, քանի որ նրա վրա ճամփորդական արգելք էր սահմանված բանտից պայմանական ազատվելուց հետո՝ դավադրության մասնակից լինելու համար: Երբ առանց նրա, իր կուսակցության 13 անդամից բաղկացած պատվիրակությունը ժամանեց Աթենքի օդանավակայան, Հունաստանի իշխանությունները խելամտորեն որոշեցին խմբին հետ վտարել Թուրքիա, քան թե տեսարան սարքել՝ նրանց ձերբակալելով: Հունական ոստիկանությունը որպես արդարացում օգտագործեց թուրք այցելուների ճամփորդական փաստաթղթերի կարգին չլինելու փաստը:

Ստամբուլ վերադառնալուց հետո արտաքսված թուրքերը կուսակիցների կողմից հռչակվեցին որպես «հերոսներ»: Փերինչեքն անմիջապես մեղադրեց նախագահ Էրդողանին և վարչապետ Դավութօղլուին՝ իրենց «չափազանց խայտառակ որոշման» համար, որով կանխեցին նրա Հունաստան մեկնելը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փերինչեքի հետևորդները նաև մեղադրեցին Հունաստանում Թուրքիայի դեսպան Քերիմ Ուրասին՝ հունական կառավարության հետ դավադրության մեջ՝ խոչընդոտելով իրենց առաքելությունը: Ի պատասխան՝ թուրք դեսպան Քերիմ Ուրասը մեղադրեց «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամներին՝ իրենց սեփական ծրագրերը խանգարելու համար, դրանց մասին նախօրոք հայտարարելով, չնայած դեսպանի հորդորին՝ անաղմուկ ժամանելու Աթենք և հանդես գալու միայն այնտեղ հասնելուց հետո… Ուրասն ավելացրեց, որ թուրքական պատվիրակության վաղաժամ հրապարակային հայտարարությունների պատճառով, հունահայ համայնքն Աթենքում բողոքի ցույցի էր նախապատրաստվել նրանց դեմ:

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն պաշտպանեց Փերինչեքի՝ Հունաստան մեկնելու վերաբերյալ դատարանի արգելքը: Մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հերքեց Փերինչեքի մեղադրանքը, թե Անկարան փորձել է խոչընդոտել իր կոմիտեի ուղևորությունը դեպի Հունաստան: Սակայն, Փերինչեքին շատ ավելի կարևոր ուղևորություն է սպասվում հունվարի 28-ին, երբ ակնկալվում է, որ նա ներկա կգտնվի իր գործով Շվեյցարիայի բողոքարկման դատական նիստին ՄԻԵԴ-ում, Ստրասբուրգում: Չնայած այն բանին, որ Փերինչեքի հետ ունեցած հեռախոսազրույցում Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիայի կառավարությունը չի առարկում նրա Ստրասբուրգ մեկնելուն, սակայն արտգործնախարարը զգուշացրել էր, որ Փերինչեքի փամփորդական արգելքի վերացման վերջնական որոշումը դրված է Թուրքիայի Գերագույն դատարանի վրա: Անկարան այժմ պետք է հակակշռի իշխող կուսակցության դեմ ծայրահեղ ազգայնական քննադատի աճող հեղինակության վնասը՝ ընդդեմ մոլեռանդ ժխտողականին աջակցելու առավելության Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում:

Սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող՝ «Այլատյացության դեմ պայքար» անվամբ օրինագիծը: Դրա լրամշակված տարբերակով Հունաստանի տարածքում քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն հրեաների, այլև հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության ժխտման համար: Այսպիսով, Շվեյցարիայից և Սլովակիայից հետո Հունաստանը ԵՄ անդամ երրորդ պետությունն է, որ կքերականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը: Օրինագծով սահմանվում է, որ այն անձինք, ովքեր կժխտեն կամ բացասական կարտահայտվեն Ցեղասպանության մասին, կազատազրկվեն 3 ամսից մինչև 3 տարի: Եթե օրենքը խախտողը պատգամավոր է կամ պետական պաշտոնյա, սահմանվելու է 3-5 տարվա ազատազրկում:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---