Դինքի գործով 2 ոստիկան է կալանավորվել. Մեղադրանքը` «պաշտոնեական դիրքի չարաշահում»

Դինքի գործով 2 ոստիկան է կալանավորվել. Մեղադրանքը` «պաշտոնեական դիրքի չարաշահում»

PanARMENIAN.Net - Պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարության ընթացքն ուղեկցվում է ցնցող զարգացումներով, գրում է թուրքական «Հըզըլհաբեր» լրատվակայքը:

Աղբյուրի համաձայն` Տրապիզոնի ոստիկանության հետախուզության վարչության աշխատակից երկու ոստիկանի` Մուհիթթին Զենիթի և Օզքան Մումջուի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշում է ընդունվել:

Նշվում է, որ այդ անձինք 2014-ի դեկտմեբերի 26-ին ցուցմունքեր էին տվել հարցաքննության վարույթն իրականացնող դատախազ Գյոքալփ Քյոքչուին: Հարցաքննությանը հետևել էր ոստիկաններին կալանավորելու մասին դատախազի որոշումը, բայց դատարանը նրանց ազատ էր արձակել: Դատախազ Քյոքչուն Ստամբուլի N6 քրեական դատարանում բողոքարկել էր ոստիկանների ազատ արձակման վճիռը: Արդյունքում որոշում է կայացվել կալանավորել կասկածյալի կարգավիճակում հայտնված ոստիկաններին, գրում է գրում է Ermenihaber-ը:

Նրանք մեղադրվում են «պաշտոնեական դիրքի չարաշահման» և «հանցավոր անփութության հետևանքով սպանության պատճառ լինելու» մեջ: Հայտնի է դարձել, որ Դինքի սպանությունից առաջ նրանք հեռախոսազրույցներ են ունեցել, բայց այդ մասին ոչինչ չեն տեղեկացրել Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչությանը:

2007-ի հունվարի 19-ին Դինքը սպանվեց «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Բոլոր մեղավորները դեռ դատապարտված չեն: Գործի նոր մանրամասներ են բացահայտվում: Այժմ նրա սպանության գործը դարձյալ քննում է Ստամբուլի գլխավոր դատախազության Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Դողանը, որը գործի շրջանակում նոր դեմքերի է հարցաքննում:

Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանը մեղավոր ճանաչեց 19 մարդու «ահաբեկչական կազմակերպության անդամներ» մեղադրանքով: Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը՝ 23 տարվա ազատազրկման: Մեղադրյալներն անցնում էին Թուրքիայի ՔՕ 220 հոդվածով՝ սպանության կազմակերպում ու իրագործում: 2014 թ. մարտին ոստիկանության հետախուզության նախկին պետը մեղադրվեց Հրանտ Դինքի գործով թերանալու մեջ ու հեռացվեց հետաքննությունից, թեև սկզբում վարչական դատարանը մերժեց քննությունից նրան հեռացնելու պահանջը: Դատական տեսուչներն իբր պարզել էին, որ ոչնչացված տեղեկատվությունը կարող է կապված լինել այն շրջանի հետ, երբ Դինքը սպանվեց սպառնալիքներ ստանալուց հետո:

Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում վերսկսվեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման մեղադրանքով կասկածյալ Էրհան Թունջելի դատը: Դատարանը ձերբակալության թույլտվություն տվեց, սակայն Թունջելին ազատ արձակվեց Դինքի սպանության գործով առաջին իսկ որոշումից հետո:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---