2015-ին էլէներգիան ամենայն հավանականությամբ չի թանկանա. ՀԷՑ-ին տուգանել են 10 մլն դրամով

2015-ին էլէներգիան ամենայն հավանականությամբ չի թանկանա. ՀԷՑ-ին տուգանել են 10 մլն դրամով

PanARMENIAN.Net - Հայաստանում 2015–ին էլեկտրաէներգիայի սակագները, ամենայն հավանականությամբ, չեն բարձրանա: Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

2014–ի օգոստոսի 1–ից Հայաստանում սկսել են գործել էլեկտրաէներգիայի նոր սակագներ։ էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գնահատմամբ` սակագների բարձրացումն ուղղված է էներգետիկ համակարգում գործող ընկերությունների ֆինանսական բեռի թեթևացմանը։

ԱՌԿԱ գործակալությունը հաղորդում է, որ նախարարի խոսքերով, հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ համակարգում գոյություն ունեցող պարտքերն ու ցանցի կորուստները, որոնք արտացոլված չեն գործող սակագներում, վերջիններս անպայման պետք է բարձրացվեն։ Նա նշեց, որ հաշվի առնելով երկրում ստեղծված բավականին դինամիկ ֆինանսական իրավիճակն ու ազգային արժույթի արժեզրկումը` սակագները ևս շտկման կարիք ունեն, հակառակ դեպքում էլեկտրաէներգիա արտադրողներն ու բաշխիչ ցանցերը զգալի վնասներ կկրեն և կարող են սակագնի բարձրացման հայտ ներկայացնել։

«Մասնավորապես, ազգային արժույթի 10 դրամով արժեզրկում էներգետիկ ոլորտում հանգեցնում է լրացուցիչ վնասի 410 մլն դրամի չափով», – ասել է Զախարյանը։

Հայաստանում արտարժույթի փոխարժեքների կտրուկ արժեզրկումը սկսվեց նոյեմբերի 24–ին, երբ դոլարի փոխարժեքն ավելացավ` 418,4 դրամից դառնալով 435 դրամի (16,6 կետով), իսկ այսօրվա դրությամբ դոլարի փոխարժեքը կազմում է 477.04 դրամ (59,04 կետով)։

Սակայն ինչպես նշել է նախարարը, կա կառավարությանը տրված ՀՀ նախագահի հատուկ հանձնարարականը, որի համաձայն` պետք է իրականացվեն հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի այս տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված խնդիր չառաջանա և բնակչությունը չենթարկվի լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածության։

«Կառավարությունը չի կարող սակագնի պահպանում երաշխավորել, սակայն հարկավորել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս տարի չավելանա բնակչության բեռը։ Կարծում եմ, որ այս տարի սակագինը չի փոխվի», – ասել է Զախարյանը։

Միաժամանակ նախարարը չի նշել, թե ինչ պահուստների և ռեսուրսների հաշվին է կառավարությունը նախատեսում անփոփոխ թողնել սակագները։

Նա միայն ընդգծել է, որ նախարարությունը մշակել է Հայաստանի էներգետիկ համակարգի օպտիմալացման և անվտանգության բարձրացման ծրագիր, որը թույլ կտա բացառել սակագների չափից դուրս բարձրացումը։

Ավելի վաղ նախարարությունը ներկայացրել էր իր գնահատականները, որոնց համաձայն` ֆինանսական կայունություն, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարում ապահովելու համար էներգետիկ ոլորտում գործող ձեռնարկություններին պահանջվել է 20 մլրդ դրամի լրացուցիչ միջոց։ Հարկ է նշել, որ Հայաստանի էներգետիկ ընկերությունների վնասները ներկա սակագների պահպանման դեպքում ամեն ամիս կկազմեին 1,5 մլրդ դրամ։

Միևնույն ժամանակ այսօր` հունվարի 14-ին, Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանել է 10 մլն ՀՀ դրամով:

ՀԾԿՀ ՀԾԿՀ–ի ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Գոսալմյանի, ընկերության տուգանվել է իր հատուկ հաշիվներին սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կատարած վճարների թերի փոխանցման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարներին ունեցած պարտքերի ուշ և մասնակի վճարման համար:

Արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տուգանվել է 10 մլն դրամով, որը պետք է պետբյուջե փոխանցի 2 շաբաթվա ընթացքում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 11 մասնաճյուղ ունի, այն ՌԴ էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման օպերատոր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի դուստր ընկերություններից է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---