10 հուլիսի 2006 - 15:21 AMT
Վահան Հովհաննիսյան. Ռուսաստանի ցանկացած քայլը Վրաստանի դեմ խփում է Հայաստանի շահերին
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը գտնում է, որ Վրաստանի դեմ ձեռնարկված Ռուսաստանի ամեն մի քայլը ակամա խփում է Հայաստանի շահերին: Այդ մասին Վ.Հովհաննիսյանը հայտարարել է այսօր լրագրողներին Երեւանում` մեկնաբանելով ռուս-վրացական սահմանի փակումը Ռուսաստանի իշխանությունների կողմից: Նրա կարծիքով, սահմանի փակումը կապված է ռուս-վրացական հարաբերությունների հետ, որոնք «մերթ սրվում են, մերթ` մեղմանում»: «Վերջերս դրանք ավելի հաճախ սրվում են, քան մեղմանում: Սակայն մեր ռուս գործընկերները պետք է հասկանան, որ Ռուսաստանի ցանկացած քայլը Վրաստանի դեմ ակամա խփում է նաեւ Հայաստանի շահերին: Հետեւաբար, նրանք պետք է ավելի ճկուն եւ զգույշ լինեն»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի լույս 8-ի գիշերը ռուս սահմանապահները փակել են «Կազբեգի-Վերին Լարս« վերահսկիչ-անցագրային կետը սահմանում շինարարական աշխատանքներ սկսելու կապակցությամբ: Վրաստանի Սահմանապահ ոստիկանությունում պարզաբանեցին, որ սահմանը փակվել է անորոշ ժամկետով: Սակայյն դա խնդիրներ է առաջացրել տրանսպորտի տեղաշարժի համար, եւ ռուս-վրացական սահմանում արդեն կուտակվել է մեծ քանակությամբ ավտոտրանսպորտ, այդ թվում Հայաստան ընթացող, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: