10 հուլիսի 2006 - 15:38 AMT
Եվրախորհրդարան. Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նախապայման դառնա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար
Եվրախորհրդարանի հիմնական քաղաքական խմբերի ներկայացուցիչները հանդես են եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների օրակարգում այդ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին կետն ընդգրկելու օգտին: Պատգամավորները, մասնավորապես, կողմ են, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ առանց որեւէ նախապայմանի Անկարայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման մասին հարցերը ամրագրվեն Բրյուսելի հետ բանակցային շրջանակներում որպես ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նախապայման:

Ֆինլանդիան, որը հուլիսի մեկից կես տարով ստանձնել է ԵՄ նախագահությունը, սպառնացել է խզել բանակցությունները Թուրքիայի հետ` այդ կազմակերպությանը անդամակցելու վերաբերյալ: Ինչպես հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Մատտի Վանհանենը, երկոխոսությունը Թուրքիայի եւ ԵՄ միջեւ կարող է դադարեցվել «ցանկացած պահի», եթե Անկարան չկատարի իր պարտավորությունները Եվրամիության առջեւ: Թուրքիան նախկինի պես չի ճանաչում Կիպրոսի ինքնիշխանությունը, որն անդամակցում է ԵՄ-ին 2004 թվականի մայիսից, եւ հրաժարվում է ընդունել այդ երկրի ինքնաթիռներն ու նավերը: Հուլիսի 12-ին Եվրահանձնաժողովի արտաքին գործերի գծով հանձնաժողովը կքննարկի «ԵՄ-ի անդամակցության ճանապարհին Թուրքիայի առաջընթացի» հետ կապված իրավիճակը: Կիպրոսի ճանաչումից բացի, Եվրախորհրդարանում պահանջում են Թուրքիայից լուծել քրդական հարցը եւ ապահովել ազգային փոքրամասնությունների ազատ արտահայտվելու իրավունքը:

ԵՄ անդամ 25 երկրների ԱԳՆ ղեկավարները 2005 թվականի հոկտեմբերին «կանաչ ճանապարհ» տվեցին Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, վերապահում անելով, որ այդ գործընթացը զուտ մեխանիկական չի լինի եւ կարող է դադարեցվել: Եվրախորհրդարանում պահանջում են Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես ԵՄ-ին անդամակցելու նախապայման, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: