Պերմյակովին հանրային պաշտպան է տրամադրվել. Նրա անունը չի հրապարակվում

Պերմյակովին հանրային պաշտպան է տրամադրվել. Նրա անունը չի հրապարակվում

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության համար մեղադրվող ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի ՊերմյակովինՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիման վրա հանրային պաշտպան է տրամադրվել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 41-րդ և 45-րդ հոդվածների հիման վրա:Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը՝ նշելով, որ Փաստաբանների պալատը նպատակահարմար չի գտնում հրապարակել պաշտպանի անունը:

Հունվարի 15-ին Գյումրիում՝ Շիրակի մարզի գլխավոր դատախազության դիմաց հավաքվել էին բազմաթիվ ցուցարարներ, որոնք պահանջում էին օրեր առաջ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամին սպանած ռուս զինծառայողի գործը հանձնել հայ իրավապահներին։ Նույն օրն ավելի վաղ Ավետիսյանի ընտանիքի 6 անդամի հուղարկավորության արարողությունն էր:

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատախազության շենքի առջև պատասխանել է նրանց հարցերին՝ վստահեցնելով, որ հունվարի 12-ին Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղավորը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում: Կոստանյանը հայտարարել է՝ ինչպես պահանջում են գյումրեցիները ինքը դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին:

Գյումրեցիները պահանջել են, որ Գյումրու սպանդի գործով մեղադրյալին առնվազն 10 վայրկյան նկարահանեն, որպեսզի իրենք հավաստիանան՝ հանցագործը Հայաստանում է:

Այնուհետև ցուցարարների մի մասը որոշել է շարժվել դեպի Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարան: Դրանից հետո քաղաքի կենտրոնական փողոցներում իրարանցում է սկսվել: Մարդիկ քարերով ու փայտերով վազել են, հարվածել մեքենաներին, քարեր նետել ոստիկանների ուղղությամբ:

Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանների պատն ու անցնել դեպի հյուպատոսարանի շենք: Արդյունքում բախումներ են տեղի ունեցել, ոստիկանությունը կիրառել է մահակներ, հատուկ գազ, ուշեղ լույսով ու աղմուկով պայթուցիկներ, իսկ ցուցարարները խոշոր քարեր են նետել ուժայինների ուղղությամբ: Բախումների արդյունքում տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել,14 մարդ է հոսպիտալացվել՝ քաղաքացիական անձինք և ոստիկաններ, որոնցից մեկի վիճակը ծանր է գնահատվել: Արդյունքում 7-ը տեղում հետազոտվել և դուրս են գրվել, 2-ի մոտ հայտնաբերվել է գանգոսկրի վնասվածք:

Ոստիկանություն էր տարվել 21 քաղաքացի, տեղեկացրել են ոստիկանության լրատվականից, գրում է Panorama.am-ը:19-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, ապա բոլորը բաց են թողնվել:

Երևանի Ազատության հրապարակից, որտեղ երեկոյան նույնպես հավաքվել էին՝ սատարելու գյումրեցիներին, ոստիկանական բաժիններ է տարվել 38 ցուցարար:

Բերման ենթարկվածներից միայն մեկի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Երկու անձի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, կատարվում է հետաքննություն:Նրանց բոլորին ավելի ուշ բաց են թողել:

Կարդացեք նաև՝ Ցուցարարների ու ոստիկանների բախումը Գյումրիում. Ուժայինների վրա քարեր են նետվել, գործի են դրվել մահակները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---