Shadowmatic. Ֆոտոռեալիստիկ 3D նոր գլուխկոտրուկն արդեն App Store-ում է (վիդեո)

Shadowmatic. Ֆոտոռեալիստիկ 3D նոր գլուխկոտրուկն արդեն App Store-ում է

PanARMENIAN.Net - 3 տարվա երկարատև աշխատանքից հետո հայկական Triada Studio Games-ն թողարկել է երկար սպասված Shadowmatic 3D գլուխկոտրուկը, որը նախատեսված է iPhone-ի, iPad-ի և iPod touch-ի համար:

Shadowmatic-ը երևակայությունն ակտիվացնող գլուխկոտրուկ է, որը լուծելու համար անհրաժեշտ է աբստրակտ օբյեկտներ պտտել ու դրանց ստվերի միջոցով ճանաչելի ուրվագծեր ստանալ: Ի դեպ, դրանք համապատասխանում են խաղի կոնկրետ սենյակի շրջակայքին, առկա վիզուալ էֆեկտներն էլ կօգնեն խաղի վրա ծախսած ժամանակից առավելագույն հաճույք ստանալ:

Ընդհանուր առմամբ խաղում 9 սենյակ ու ավելի քան 70 փուլ կա: Յուրաքանչյուր սենյակում յուրահատուկ մթնոլորտ է, այդ ամենին համապատասխան ինքնատիպ երաժշտություն է հնչում:

Իմիջիայլոց, հավանած սաունդթրեքերը ցանկացողներն արդեն կարող են ներբեռնել iTunes-ից:

Խաղը նաև հուշումների համակարգ ունի, որը դժվարանալու դեպքում խաղացողին կօգնի գուշակել վերջնական պատկերը, իհարկե՝ ոչ առանց միավորների գանձման: Ամեն դեպքում, խաղից լիարժեք հաճույք ստանալու համար ստեղծողները խորհուրդ են տալիս դրանցից օգտվել ծայրահեղ դեպքում:

Ամեն փուլում հուշման 4 հնարավորություն կա: Առաջինը բառ է կամ նախադասություն, որն անուղղակիորեն կհուշի թաքնված ուրվագիծը: Երկրորդը ևս մեկ բառ կամ նախադասություն է, որն արդեն օգտագործված առաջին հուշման հետ կօգնի գուշակել: Երրորդը թաքնված ուրվագծի անունն է, իսկ չորրորդը հենց ուրվագիծն է, որը պետք է ստանալ:

Հուշումների համակարգից օգտվելու համար խաղացողը hint-եր կկորցնի, որոնց ընդհանուր քանակն ի սկզբանե մի քանի տասնյակ է, բայց ընթացքում դրանք վաստակելու հնարավորություններ էլ կլինեն:

Խաղի առանձնահատկություններից է ներկա ժամանակում ֆոտոիրատեսական յուրօրինակ 3D գրաֆիկան, փուլերը հաղթահարելու ոչ գծային տարբերակը, ինտուիտիվ հասկանալի multi-touch կառավարումը։

Դեռևս 2014-ին թիզերների հրապարակումից հետո բազմաթիվ արձագանքներ են եղել: Gamezebo-ն, օրինակ, գրել է, որ խաղն իրոք լավն է, 3D գրաֆիկան անհավանական ֆոտոռեալիստական, շարժումները՝ սահուն, լուսային էֆեկտներն էլ՝ արված վարպետորեն:

Մեկ այլ՝ Grabit Magazine-ի կարծիքում նշվում է, թե Triada Studio-ի Shadowmatic-ը հանգստացնող գլուխկոտրուկ է, որը այլ՝ մի երջանիկ աշխարհ է տեղափոխում ու ստիպում աշխատեցնել ուղեղը:

Shadowmatic-ը հասանելի է iOS համակարգով աշխատող սարքավորումների համար: Այն հարմարեցված է iPhone 3GS և բարձր, iPad 2-ի և բարձր, 4-րդ սերնդի iPod Touch-ի և բարձր մոդելների սարքավորումների համար, հետագայում հասանելի կլինի նաև այլ մոբայլ և դեսքթոփ պլատֆորմներով:

Խաղի հեղինակը Triada Studio Games-ն է, որը համակարգչային գրաֆիկայի ու անիմացիայի ավելի քան 20 տարվա փորձ ունեցող Triada Studio-ի նոր ստորաբաժանումն է։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---