Ավելի քան 7000 անձ կստանա նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները

Ավելի քան 7000 անձ կստանա նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հունվարի 15-ին իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված՝ մինչև 1931-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993-ի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:

Նախագիծը գործադիրին է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` նշելով, որ այս տարի ավանդները կստանա 7000-ից ավելի անձ, գրում է Tert.am-ը:

Նախարարի տեղեկացմամբ՝ ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը առաջին հերթին կլինի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին:

Գործադիրը հաստատել է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների՝ հաշվի առնելով ՀՀ 2015-ի պետբյուջեով նախատեսված ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության համար հատկացված միջոցները, ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, հրատապ օգնության, սոցիալական նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը:

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրն իրականացվում է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրով և ՀՀ կառավարության 2006թ որոշմամբ հաստատված կարգով: Ծրագիրը կրում է հասցեական բնույթ և նպատակուղղվում է սոցիալապես առավել անապահով խմբերին դասված քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը: Այն ավանդների վերադարձ չէ, այն չի կարող վերաբերել բոլոր ավանդատուներին, քանի որ նրանք ոչ բոլորն են սոցիալապես առավել անապահով կամ աղքատ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---