ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը պարզաբանել է Ցեղասպանության մասին իր հայտարարությունը

ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը պարզաբանել է Ցեղասպանության մասին իր հայտարարությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն պարզաբանել է իր հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հայտնում է Asbarez.com-ը, ԱՄՆ և Ֆրանսիայի հայ համայնքների դժգոհությունն առաջացրած հեռուստաեթերից հետո, դեսպանը պարզաբանումով նամակ է ուղարկել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին (ANCA):

Հունվարի 12-ին NBC News-ի եթերում հաղորդավարը, անդրադառնալով Charlie Hebdo-ի վրա հարձակմանն ու խոսքի ազատությանը Ֆրանսիայում, նշել է, որ այդ երկրում գործում են Հոլոքոսթի և Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող օրենքներ:

Ի պատասխան դեսպանը հայտարարեց, որ «իրականում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք չկա: Կա միայն օրենք Հոլոքոսթի ժխտման մասին, քանի որ դա կարծիք չէ, Հոլոքոսթը եղել է: Այնպես որ, երբ դուք ասում եք, որ Հոլոքոսթ չի եղել, դուք կարծիք չեք հայտնում, քանի որ դա փաստ է»:

Ավելի ուշ Nouvelles d’Armenie-ին հայտնեց, որ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը բողոքի նամակ է հղել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսին ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի հայտարարության կապակցությամբ: Միևնույն ժամանակ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ արեց բողոքի ակցիա կազմակերպել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատան առջև:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին հասցեագրված նամակում դեսպանը նշում է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել, և որ ինքը նպատակ չի ունեցել ժխտելու Հայոց ցեղասպանությունը: ժերար Արոն հիշեցրել է, որ Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հավելելով, որ ինքը ևս բազմիցս ասել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---