Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Տավուշում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Տավուշի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հակառակորդի կրակոցից այսօր՝ հունվարի 17-ին, զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին մանրամասնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զինծառայողը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում:

Հակառակորդը տարեսկզբից շարունակում է լարված պահել իրադրությունն առաջնագծում։ Հունվարի 11-ին մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ էին ձեռնարկել:

Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել և կասեցվել էր: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել էին: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը մնացել էր միջդիրքային տարածքում, բայց ավելի ուշ հայկական կողմը թույլատրել էր տարհանել այն:

Փոխհրաձգության ընթացքում զոհվել էր նաև տարածքում գտնվող 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը:

Հունվարի 1-ից ի վեր հակառակորդը պարբերաբար կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ․ հունվարի 7-ի կեսօրին ԴՇԿ տեսակի զենքով՝ Բարեկամավան գյուղի ուղղությամբ, նույնը տեղի է ունեցել նաև հունվարի 6-ին: Գնդակները կպել են գյուղի եկեղեցուն և այլ շինությունների:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---