Գյումրիի գործով ՀՀ-ն և ՌԴ-ն համակարգող մարմին կստեղծեն. Նախագահը հանդիպել է ՌԴ ՔԿ ղեկավարին

Գյումրիի գործով ՀՀ-ն և ՌԴ-ն համակարգող մարմին կստեղծեն. Նախագահը հանդիպել է ՌԴ ՔԿ ղեկավարին

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմինների՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության քննությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով համակարգող մարմին կստեղծվի:Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով, թե ռուսական, թե հայկական կողմը քննություն են իրականացնում, և համատեղ, փոխհամագործակցված գործողություններ իրականացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Մեզ մոտ գործի շրջանակում քննություն իրականացնելիս մի շարք հարցադրումներ են ծագել, որոնք առնչվում են նաև ռուսական կողմին: Անհրաժեշտություն է առաջացել նրանց օգնությունը ռազմաբազայի տարածքում, կամ նրանց քաղաքացիների հետ որոշակի գործողություններ կատարելու առումով, և հակառակը՝ նրանց կողմից քննվող գործի շրջանակում անհրաժեշտություն են ունենալու մեզ մոտ, Հայաստանում կամ ՀՀ քաղաքացիների ներգրավմամբ, մասնակցությամբ, որոշակի գործողություններ կատարել», - նշեց նա՝ հավելելով, որ համատեղ գործողություններն իրականացվելու են բոլոր հարցադրումների ուղղությամբ պատշաճ քննություն իրականացնելու նպատակով:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղրոդմամբ, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը նշել է, որ լիարժեք փոխըմբռնում կա, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը:

Իր հերթին, ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վլադիմիր Մարկինը հայտարարել է, որ գործի քննությունն ու դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են միջազգային իրավունքի ու երկու երկրի ստորագրած փաստաթղթերին համաձայն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ (սպանություն) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն) հատկանիշներով, որպես խափանման միջոց ընտրված է կալանքը: Միաժամանակ, որոշում է կայացվել Վալերի Պերմյակովին որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (այն է՝ երկու կամ ավելի անձանց սպանություն, ինչը պատժվում է 8-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ) հարուցված քրգործով:

Իսկ հունվարի 19-ին Գյումրիի քաղաքապետարանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղերձ էր հղել, որում, մասնավորապես, նշվում էր՝ ակնկալվում է Կոստանյանի միջնորդությունը, որպեսզի հանցագործության նախաքննությունը հանձնվի հայ իրավապահներին, որոնք կապահովեն գործի քննության արդարացիությունը և թափանցիկությունը, իսկ դատավարությունը տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---