Ադրբեջանը ցինիկաբար նենգափոխում է «սև հունվարի» էությունը. Բաքվի հայաթափումից անցել է 25 տարի

Ադրբեջանը ցինիկաբար նենգափոխում է «սև հունվարի» էությունը. Բաքվի հայաթափումից անցել է 25 տարի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների և պատգամավորական խումբը հայտարարություն է տարածել Բաքու քաղաքի հայ բնակչության ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ:

«1990-ի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական մակարդակով կազմակերպվել և իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400 հազարանոց հայ համայնքն ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնի տեղահանվել քաղաքից: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նշում են 400-ը անցնող զոհերի մասին, այդ թվում՝ ծերեր, կանայք և երեխաներ:1990-ի հունվարին Բաքվում փաստորեն կրկնվել է 1988-ի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած բռնությունների սցենարն՝ անհամեմատ մեծ մասշտաբներով, որի հետևանքով քաղաքն ամբողջովին հայաթափվել է»,- ասվում է հայտարարության տեքստում:

Պատգամավորները նշում են, որ Բաքվի հայ բնակչության ջարդերը և բռնի տեղահանությունը լիովին ներգրվում են «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված «ցեղասպանություն» իրավական հասկացության մեջ: Պետական մակարդակով ահաբեկչությունը շարունակվել է նաև Լեռնային Ղարաբաղում, որի գերակշիռ հայ բնակչության հանդեպ Ադրբեջանի իշխող վերնախավը 1991-ի ապրիլ-օգոստոս ամիսներին իրականացրել է «Կոլցո» ռազմագործողությունը, որի հետևանքով բռնի տեղահանվել, հրդեհվել և կործանվել է 24 հայկական գյուղ, զոհվել են բազմաթիվ անմեղ մարդիկ:

«Արցախից հայ բնակչությունը բռնի տեղահանելու, զանգվածային կոտորած կազմակերպելու Ադրբեջանի պետական նպատակադրված քաղաքականությունն իրականություն չի դարձել միայն արցախահայության զինված ինքնապաշտպանության շնորհիվ:

Բաքվի հայաթափումից անցել է 25 տարի: Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը. փորձում են պատմության էջերից ջնջել Բաքվի բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության քաղաքականության հետքերը: Գլուխ խոնարհելով Բաքվի ջարդերին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի ու Արցախյան գոյամարտում նահատակվածների հիշատակի առջև՝ մենք դատապարտում ենք էթնիկ անհանդուրժողականության, այլատյացության, ծայրահեղականության ցանկացած դրսևորում, վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետությունը հետամուտ է լինելու, որպեսզի Ադրբեջանում հայ ժողովրդի ցեղասպանության ծրագրի, գործադրված զանգվածային բռնությունների, պատերազմական հանցագործությունների կազմակերպիչները և իրականացնողները, համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ենթարկվեն պատասխանատվության, կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, նրա Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Բաքվի հայ բնակչության ջարդերը, դրանց տալ իրավական գնահատական: Դա ոչ միայն տուժողի իրավունքն է, այլև միջազգային ատյանների պարտավորությունը, քանի որ ցեղասպանությունը ոճիր է համայն մարդկության դեմ»:

Կարդացեք նաև` ԽՍՀՄ ՊՆ ղեկավար. Ադրբեջանցիները հայերին դուրս էին նետում պատուհաններից

Բաքվում հայերի ջարդեր

Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

Բաքվում հայերի ջարդեր

Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվեցին 1990 թ. հունվարի 13-ին եւ շարունակվեցին 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվեցին 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---