Հակառակորդի կրակոցից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել

Հակառակորդի կրակոցից Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից այսօր՝ հունվարի 21-ին, պայմանագրային զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնել է Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը։ Ըստ նրա՝ զինծառայողը Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ 34-ամյա Արման Ռաշիդի Ուդումյանն է, գրում է Tert.am-ը։

Հարցին, թե լարված է իրավիճակը, գյուղապետը նշել է, որ ո´չ, կրակոցներ չկան, զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից։

Հունվարի 17-ին Տավուշի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին մանրամասնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, զինծառայողը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում:

Հակառակորդը տարեսկզբից շարունակում է լարված պահել իրադրությունն առաջնագծում։ Հունվարի 11-ին մարզի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ էին ձեռնարկել:

Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել և կասեցվել էր: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել էին: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը մնացել էր միջդիրքային տարածքում, բայց ավելի ուշ հայկական կողմը թույլատրել էր տարհանել այն: Փոխհրաձգության ընթացքում զոհվել էր նաև տարածքում գտնվող 80-ամյա հովիվ Սերյոժա Սարգսյանը:

Հունվարի 1-ից ի վեր հակառակորդը պարբերաբար կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, հունվարի 7-ի կեսօրին ԴՇԿ տեսակի զենքով՝ Բարեկամավան գյուղի ուղղությամբ, նույնը տեղի է ունեցել նաև հունվարի 6-ին: Գնդակները կպել են գյուղի եկեղեցուն և այլ շինությունների:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---