12 հուլիսի 2006 - 14:58 AMT
Ա.Մարգարյանը Հայաստանի անունից երախտագիտություն հայտնեց Լիբանանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար
Հայաստանի վարչապետ Անրդանիկ Մարգարյանը նախօրեին հանդիպել է Լիբանանի արտգործնախարար Ֆաուզի Սալլուխի հետ, հաղորդույմ է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանում մեծ երախտագիտությամբ են ընդունում Լիբանանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը եւ բարձր են գնահատում լիբանանցիների ջերմ վերաբերմունքը Օսմանյան Թուրքիայում եղեռնից մազապուրծ հայերի նկատմամբ: Խոսելով հայ համայնքի մասին, ե'ւ ՀՀ վարչապետը, ե'ւ Լիբանանի արտգործնախարարը շեշտել են, որ հայերն, իբրեւ Լիբանանի արժանավոր քաղաքացիներ, իրենց մեծ ավանդն են բերում երկրի զարգացման գործում, ակտիվ ներգրավված են երկրի հասարակական-քաղաքական կյանքում եւ նպաստում են հայ-լիբանանյան հարաբերությունների ամրապնդմանը: Ֆաուզի Սալլուխը հավելել է, որ Հայոց ցեղասպանության ընդունմամբ Լիբանանը մեկ անգամ եւս ապացուցել է, որ դեմ է բոլոր տեսակի բռնություններին ու ցեղասպանություններին, դեմ է ահաբեկչություններին, որի պատճառով ամեն օր աշխարհում հազարավոր մարդիկ են զոհվում: