12 հուլիսի 2006 - 15:24 AMT
Ադրբեջանական կողմի հայտարարությունները ստվեր են գցում ԵԱՀԿ դիտարկման առաքելության վրա
ԼՂՀ Մարդակերտի շրջանի Թալիշ գյուղը պատմական հայկական գյուղ է եւ անհեթեթ կլինի ենթադրել, որ հայերն իրենք են հրկիզում եւ ավիրում իրենց տները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը` մեկնաբանելով «Ազերի պրես» գործակալության հաղորդագրությունն այյն մասին, թե «հայերի կողմից կատարված հրկիզումների պատճառով Թալիշ գյուղում չի մնացել ոչ մի կառույց»: Նրա խոսքերով, Թալիշ գյուղը հաջողությամբ վերականգնվում է մարտական գործողությունների դադարեցումից հետո, եւ այժմ զարգացնում է գյուղատնտեսական մթերքի արտադրությունը:
Սենոր Հասրաթյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նմանատիպ քարոզչական հայտարարությունները պրիմիտիվ են եւ նախատեսված ոչ իրազեկ մարդկանց համար: Նա նաեւ ասել է, որ ադրբեջանական կողմի այդ հայտարարությունները ստվեր են գցում ԵԱՀԿ դիտարկման առաքելության վրա, որը նպաստում է հրադադարի ռեժիմի պահպանմանը: «Ինչ վերաբերում է հրդեհներին, ապա Եվրոպայում, եւ ողջ աշխարհում շատ լավ են հասկանում, որ ամռանը չոր խոտի հրդեհումները շոգի եւ տեղումների բացակայության պատճառով միանգամայն հնարավոր են»,-նշել է ԼՂՀ պաշտպանության գերատեսչության տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետը: