Սոցհարցում. 31 երկրի երիտասարդների 77%-ը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Սոցհարցում. 31 երկրի երիտասարդների 77%-ը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Փարիզում հունվարի 21-ին ներկայացված «Գալիք հիշողություններ» անվանումը կրող սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ տարբեր երկրների երիտասարդների մոտ 77%-ը 1915-ին Օսմանյան կայսրության իրականացրած հայերի կոտորածը համարել է ցեղասպանություն:

Ինչպես հաղորդում է Nouvelle d’Armenie-ն՝ վկայակոչելով Agence France Presse գործակալությանը, հարցախույզն անցկացվել է աշխարհի 31 երկրում՝ 16-29 տարեկան երիտասարդների շրջանում, որի ընդհանուր մասնակիցների 31.172-ն էին:

Հարցումը, որն իրականացվել է նացիստական համակենտրոնացման ճամբարների ազատագրման 70-ամյակին ընդառաջ, կազմակերպել են Քաղաքական ինովացիայի հիմնադրամի (Ֆրանսիա) և Ֆրանսիայի Շոայի (Հոլոքոսթի) հիշատակի հիմնադրամը՝ նպատակ ունենալով պարզել նոր սերնդի տեղեկացվածությունը 20-րդ դարի, ինչպես նաև 21-րդ դարի կարևորագույն իրադարձությունների մասին:

Նացիստների կողմից հրեաների ոչնչացումը որպես ցեղասպանություն որակող հարցին «Այո» է պատասխանել հարցվածների մոտ 90%-ը, 1994-ին Ռուանդայում հութուների կողմից թութսիների կոտորածները ցեղասպանություն է որակել 76%-ը, իսկ, օրինակ, 1932-33-ին Ուկրաինայում տեղի ունեցած «Սովասպանդը» (Գոլոդոմոր)՝ 41%-ը: Ընդ որում՝ միևնույն հարցին տրված պատասխանները տոկոսային հարաբերակցությամբ տարբերվում են առանձին երկրներում:

Այսպես, հարցված ֆրանսիացի երիտասարդների 93%-ը նշել է, որ 1915-ին հայերի կոտորածները ցեղասպանություն էին, Գերմանիայում այդ ցուցանիշը կազմել է 83%, Մեծ Բրիտանիայում՝ 68%, Ավստրիայում՝ 85%, Շվեյցարիայում՝ 87%, Բելգիայում՝ 81%, Նիդերլանդներում՝ 76%, Իսպանիայում՝ 86%, Հունաստանում՝ 90%, Սերբիայում՝ 86%, Իսրայելում՝ 88%, Իտալիայում՝ 87%, Էստոնիայում՝ 81%, Լատվիայում՝ 84%, Լիտվայում՝ 70%, Լեհաստանում՝ 87%, Ռուսաստանում՝ 84%, Ուկրաինայում՝ 65%, ԱՄՆ-ում՝ 64%, Կանադայում՝ 71%, Չինաստանում՝ 80%, Հնդկաստանում՝ 51%, Ճապոնիայում՝ 68%:

Ըստ հարցման արդյունքների՝ Թուրքիայի երիտասարդների 33%-ն «Այո» է պատասխանել հարցին, թե արդյոք թուրքերի իրականացրած կոտորածը ցեղասպանություն էր: Հետաքրքիր է նշել, որ միակ երկիրը, որտեղ հայերի կոտորածները ցեղասպանություն համարող երիտասարդներն ավելի շատ են, քան հրեաներինը հոոքոստ համարողները, Հունաստանն է (90% ընդդեմ 89%-ի):

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---