ՌՀՄ-ն Արա Աբրահամյանի հրաժարականի պահանջի մասին. Մեղադրանքները հիմնավորված չեն

ՌՀՄ-ն Արա Աբրահամյանի հրաժարականի պահանջի մասին. Մեղադրանքները հիմնավորված չեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը մեկնաբանել է համացանցում հայտնված պահանջները ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի և նրա տեղակալ Լևոն Մուքանյանի հրաժարականի մասին:

Միությունում նշել են, որ ՌՀՄ և նրա ղեկավարության հասցեին հնչած մեղադրանքները ոչնչով հիմնավորված չեն: «Մենք հնարավոր չեն համարում բանավեճի մեջ մտնել այդ նամակի անհայտ հեղինակների հետ և կխնդրեինք հեղինակավոր ԶԼՄ-ների ղեկավարներին նման անանուն նամակներ տարածելուց առաջ, փորձել գոնե հայտնաբերել նրանց հեղինակներին:

Առցանց ռեժիմով հետևելով այդ խնդրագիրը ստորագրողների մասին տեղեկատվությանը, հեշտ է նկատել, որ մեկ օրում 8-9 անգամ այն ստորագրում են «Ռուսաստանի ու աշխարհի հայերը, մտահոգված մեր ժողովրդի ու երկրի ճակատագրով», ինչպես, օրինակ. «Հայկական ֆաշիզմն ու ահաբեկչությունը Մոսկվայում 8 հունվ. 1977 թ., Ռուսաստան», «Հայկական անջատողականությունն ու սադրանքը Դերբենտում լեզգիների անունից սպառնալիք է ՌԴ համար, Ռուսաստան», Ադրբեջան և այլն: Գրառումները բերված են բառացի:

Չի բացառվում, որ հենց այդ գրառումների հեղինակներ են այս անանուն նամակի նախաձեռնողները, որը ՌՀՄ-ն պետք է որ անտեսեր:

Սակայն, ենթադրելով, որ ստորագրյալների թվում կան նաև մեր հայրենակիցները, որոնց կարծիքը մենք միշտ հարգում ենք, ՌՀՄ մամուլի ծառայությունը նպատակահարմար է համարում տալ հետևյալ պարզաբանումները.

1.Մենք խորապես սգում ենք Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը, ընտանիքի վեց անդամների հուղարկավորության հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, հրապարակվեց ՌՀՄ հայտարարությունը, որը տեղադրված է միության պաշտոնական կայքում: ՌՀՄ նաև այլ միջոցառումներ է ձեռնարկել, այդ թվում՝ ծաղիկների զետեղում, ՌՀՄ կից «Շիրակ» միության ներկայացուցիչների և այլ կազմակերպություններից մեր բարեկամների ժողովը, ելույթները ռուսական ԶԼՄ-ներում պարզաբանումներով և այլն:

Կոչ ենք անում անհայտ հեղինակներին ու այլ գործիչներին ձեռնպահ մնալ էժանագին հեղինակություն ձեռք բերելու ճիգերից, օգտվելով Գյումրիի ողբերգությունից:

2. Հայտնում ենք բոլոր նրանց, ով իսկապես հետաքրքրվում է մեր կազմակերպության գործունեությամբ, որ ՌՀՄ կայքը ամեն օր տեքստային, լուսանկարչական և տեսանյութեր է զետեղում միության կազմակերպած միջոցառումների մասին՝ մշակութային ու բարեգործականից մինչև հանրային ու քաղաքական: Արխիվները սկսվում են 2006-ից:

3. Եվ, վերջապես, ստիպված ենք վշտացնել նամակի անանուն հեղինակներին. ՌՀՄ-ն համառուսաստանյան հասարակական կազմակերպություն է, որի կանոնադրության համաձայն նրա ղեկավար կազմն ընտրվում է ՌՀՄ անդամ պատվիրակներից, որոնք ներկայացնում են տարածաշրջանային բաժանմունքները, որոնք գործում են ՌԴ բոլոր սուբյեկտներում:

Գաղտնիք չէ, որ Մոսկվայում և Ռուսաստանում գործում են տասնյակ հայկական կազմակերպություններ, որոնց շատերի հետ, ՌՀՄ-ն գործակցում է տարիներ շարունակ և բարձր է գնահատում նրանց գործունեությունն ու ավանդը հայ համայնքի զարգացման մեջ:

Հանելուկ է մնում, թե ինչն է խանգարում բողոքի նամակի հեղինակներին չնմանվել Կռիլովի հայտնի «Փիղն ու Մոսկան» ստեղծագործության հերոսին, այլ միավորվել իր շուրջը համախոհներին և, սեփական կազմակերպությունը ստեղծելով, սկսել գործել «հանուն հայ ժողովրդի և պետության շահերի»:

Գուցե, խանգարողն անանուն զրպարտանքներից զատ այլ արարքների անկարողությունն է»,-ասվում է ՌՀՄ մեկնաբանության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ համացանցում Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և նրա տեղակալ Լևոն Մուքանյանին պաշտոնանկ անելու պահանջով ստորագրահավաք է անցկացվում: Տեքստում, մասնավորապես, նշվում էր.

«Մենք՝ Ռուսաստանի և աշխարհի հայերս, անհանգստանալով մեր ազգի և պետության համար, Ռուսաստանում հայերի միության (ՌՀՄ) ղեկավարությունից պահանջում ենք, որ դրա ղեկավար Արա Աբրահամյանն ու նրա կամակատար Լևոն Մուքանյանը հրաժարական տան:

Այս տարիների ընթացքում՝ այն օրվանից, երբ այդ մարդիկ իրենց վրա վերցրին Ռուսաստանի հայ համայնքի ղեկավարի դերը, այն գրեթե չի զարգանում: Հայ համայնքն իր բոլոր հաջողություններին հասել է միության կողմից չֆինանսավորող կազմակերպությունների գործունեության արդյունքում: ՌՀՄ գլխավոր նպատակը Հայաստանին և Ռուսաստանում հայ համայնքին ծառայելը չէ:

Այդ ստրկաբարո կազմակերպությունը Ռուսաստանում բնակվող հայերի, նրանց ազգային դաստիարակության համար որևէ գործունեություն չի ծավալում: Ռուսաստանի հայ համայնքը գնալով ձուլվում է, երիտասարդության մի մասը չի խոսում մայրենիով, հեռանում է հայկական ավանդույթներից ու մշակույթից, իսկ ՀՌՄ-ն իր հերթին դրա դեմ պայքարելու համար ոչինչ չի ձեռնարկում՝ վարելով հակաազգային քաղաքականություն:

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամին սպանած Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու վերաբերյալ ՌՀՄ-ն ոչ մի քննադատական հայտարարություն չարեց: Միությունն առհասարակ առհամարեց այդ միջադեպն ու չցանկացավ հետաձգել իր ծրագրված համերգներն ու գիշերային ակումբներում զվարճանքը: Միակ մարդը, որն արձագանքեց, Լևոն Մուքանյանն էր. նա սոցցանցերում կոչ արեց զերծ մնալ հակառուսական պրոպագանդայից, իսկ նրանց, ովքեր արդարություն էին պահանջում, մեղադրեց խամաճիկային պահելաձևի մեջ: Այդ ամենը լցրեց համբերության բաժակը:

Կոչ ենք անում բոլոր հայերին ու հայկական կազմակերպություններին, որոնք անհանգստանում են ազգի ապագայի համար, հնարավորինս աջակցել նախաձեռնությանը»:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

ՌԴ իշխանությունները խոստացան պատժել բոլոր մեղավորներին, ներառյալ ռազմակայանի ղեկավարությանը: Մարդիկ պահանջում են Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, քանի որ հանցանքը կատարվել է Հայաստանի տարածքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---