Պերմյակովին կուղարկեն հոգեբանական և հոգեբուժական փորձաքննության

Պերմյակովին կուղարկեն հոգեբանական և հոգեբուժական փորձաքննության

PanARMENIAN.Net - Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին կուղարկեն հոգեբանական և հոգեբուժական փորձաքննության, հայտնում է «Ինտերֆաքսը» իրազեկ աղբյուրների վրա հղումով:

«Համատեղ հետաքննության շրջանակում նշանակվել և անցկացվում են մի շարք դատաքրեագիտական փորձաքննություններ: Առաջիկայում հոգեբանական և հոգեբուժական փորձաքննություն կիրականացվի, ինչը նախատեսված է օրենքով նման հանցանքների դեպքում»,-ասել է գործակալության զրուցակիցը:

«Բոլոր փորձաքննությունները, այդ թվում նաև սա, կանցկացվեն Հայաստանում՝ 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում», - ընդգծել է աղբյուրը: Նա հայտնել է նաև, որ Վալերի Պերմյակովին պաշտպանում է հայաստանաբնակ ռուս փաստաբանը: «Նրա անձը հասկանալի պատճառներով դեռևս չի բացահայտվում: Նա կատարում է իր պարտքը»,-ասել է աղբյուրը:

Մեկ այլ աղբյուր հայտնել է գործակալությանը, որ նախօրեին զինծառայողից նմուշներ էին վերցրել՝ հանցագործության վայրում ավելի վաղ հայտնաբերված հետքերի հետ համեմատական կենսաբանական, գենետիկական և քրեագիտական փորձաքննություններ անցկացնելու համար:

Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Ձեռնարկվել են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական այլ միջոցառումներ:Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Միաժամանակ, արձագանքելով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներում հայտնված որոշ հրապարակումներին՝ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ սպանության գործով նախաքննությունն ամբողջ ծավալով իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա շրջանակներում քննչական և դատավարական գործողությունները կատարվում են ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հիման վրա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---