12 հուլիսի 2006 - 18:55 AMT
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը մտադիր է հասնել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը մտադիր է հարցում ներկայացնել Հունգարիայի արդարադատության նախարարությանը Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ, որը դատապարտվել է հունգարական դատարանի կողմից ցմահ բանտարկության հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Ինչպես հայտարարել է ԱՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Զավեր Գաֆարովը, տվյալ գործընթցը կսկսվի Ռ.Սաֆարովի դատավճռի վերաբերյալ բողոքարկման գանգատ ներկայացնելուց հետո: Ըստ Զ.Գաֆարովի, հարցումը կներկայացվի 1981 թվականի «ԵԽ երկրների միջեւ իրավական օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի շրջանակներում: Հունգարիայի դատարանի կողմից ցմահ բանտարկության դատապարտված Ռ.Սաֆարովի գործով բողոքարկման գանգատը կդիտարկվի ընթացիկ տարվա աշնանը, հաղորդում է Day.az-ը:
Նշենք, որ Բուդապեշտի քաղաքային դատարանը ընթացիկ տարվա ապրիլին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության` 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Հունգարիայի մայրաքաղաքում երկու սպաները մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: