ԼՂՀ ՊԲ-ն հերքել է անօդաչու թռչող սարքի խոցման մասին ադրբեջանցիների հաղորդագրությունը

ԼՂՀ ՊԲ-ն հերքել է անօդաչու թռչող սարքի խոցման մասին ադրբեջանցիների հաղորդագրությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հայկական Զինված ուժերի անօդաչու թռչող սարքի խոցման մասին չի համապատասխանում իրականությանը, ասել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին Ֆեյսբուքում գրել է. «Հասկանալի է, որ նման պարտություններից հետո, ադրբեջանական քարոզչության համար ցանկալի է հնարավորինս մեծ ձեռքբերումներ ներկայացնել, սակայն սուտն էլ պիտի սահման ունենա, խելքին մոտիկ լինի: Ես չեմ զարմանա, որ վաղը իրենք հայկական ատոմային սուզանավ օդում խոցեն, կամ ասենք միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ կենդանի բռնեն»:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը, տեղական լրատվամիջոցների վկայությամբ, հայտարարել էր, թե այսօր ժամը 14-ի սահմաններում շփման գծի Աղդամի հատվածում ադրբեջանական զինված ուժերի դիրքերի վրա հայկական Զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք է խոցվել:

Իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում տարեսկզբից է ի վեր շարունակում է լարված է մնալ:

Հունվարի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (15 արկ) և ՌՊԳ-7 (6) ու ԱԳՍ (32) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4600 կրակոց, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանն առաջնագծում և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 27-ին և լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (114 արկ) և ՌՊԳ-7 (5), ՍՊԳ (1) ու ԱԳՍ (37) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտկան հերթապահություն:

Հունվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՌՊԳ-7, ԳՊ-25 ու ԱԳՍ տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4500 կրակոց:i>

Հունվարի 26-ին ելույթ ունենալով պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին, ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայտարարեց.

«Հակառակորդի նախահարձակ գործողությունների նպատակը ակնհայտ է: Ադրբեջանի իշխանությունը չի թաքցնում, որ քաղաքական ու ռազմական միջոցների համադրմամբ ձգտում է մշտական լարվածություն ստեղծել մեր շուրջ: Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը: «Ամեն ինչ միայն ինձ» անհեթեթ գործելաոճով կատարյալ ձախողման հասնելով բանակցային գործընթացում` պաշտոնական Բաքուն փորձում է բոլորին ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները, առանց հասկանալու, առանց լրջորեն վերլուծելու, թե ինչպիսի սարսափելի հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը հենց իր համար: Ավելին, ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որևէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, և նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը նշել է նաև. «Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---