2 փետրվարի 2015 - 11:46 AMT
Օբաման հայտարարել է` ԱՄՆ-ն կուժեղացնի ՌԴ նկատմամբ ճնշումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը կուժեղացնի դիվանագիտական ու տնտեսական ճնշումը Ռուսաստանի դեմ: Ըստ նրա, ԱՄՆ-ն մտադիր է շարունակել ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը: Օբաման գտնում է, որ Կիևի իշխանությունները «լուրջ բարեփոխումներ են նախաձեռնել, որոնք կօգնեն Ուկրաինային»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը և կուժեղացնի դիվանագիտական ու տնտեսական ճնշումը Ռուսաստանի հանդեպ:

CNN-ին տված հարցազրույցում Օբաման կրկին մեղադրեց Ռուսաստանին Դոնբասի աշխարհազորայիններին մեղադրելու և նրանց սպառազինություն մատակարարելու մեջ, այն դեպքում, երբ Մոսկվան բազմիցս է հայտարարել, որ ոչ մի առնչություն չունի Ուկրաինայի հարավ-արևելքի իրադարձություններին և ռազմատեխնիկա ու զինամթերք չի առաքում աշխարհազորայիններին:

Ըստ Օբամայի, Վաշինգտոնը մինչ օրս ըմբռնում չի տեսնում Մոսկվայի կողմից, որ Ուկրաինայի ճգնաժամը չի բխում իր շահերից: Նա խոստացել է լուծել այդ հարցը, ուժեղացնելով ճնշումը ՌԴ հանդեպ:

«Մենք մտադիր ենք լրացուցիչ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և օգնել Ուկրաինային»,-հայտարարել է Օբաման: Նա նաև նշել է, որ «Ուկրաինայի նախագահ և վարչապետ Պյոտր Պորոշենկոն և Արսենի Յացենյուկը լուրջ բարեփոխումներ են նախաձեռնել, որոնք կօգնեն Ուկրաինային:

Մինչդեռ հունվարի 27-ին Ուկրաինայի խորհրդարանը Դոնբասում իրավիճակի քննարկմանը նվիրված արտահերթ նիստում հայտարարություն ընդունեց, որտեղ Ռուսաստանը ագրեսոր երկիր հայտարարվեց: Ուկրաինայի Ռադան խնդրեց աշխարհին «նոր ոլորտային պատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի դեմ, իսկ Ուկրաինային տալ անհրաժեշտ ռազմական ու հումանիտար օգնություն:

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս են մեղադրել ՌԴ-ին աշխարհազորայիններին ֆինանսապես ու տեխնիկապես աջակցելու մեջ: Սակայն Մոսկվան նման մեղադրանքները հերքում է: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կիևի պնդումները Դոնբասում ռուսական զորքերի առկայության մասին, անվանեց չապացուցված:

Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացման համար պատասխանատվությունը կողմերն իրար վրա են բարդում: Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարեց, որ հրաման է արձակել ճնշել ուկրաինական ուժայինների դիրքերը Մարիուպոլից դեպի արևելք տարածքում այն բանից հետո, երբ Կիևը փորձեց բնակելի շրջանների գնդակոծության մեղքը բարդել իրենց վրա: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն, որը հունվարի 25-ը սգո օր հայտարարեց, քաղաքի գնդակոծությունն անվանեց «ոչ թե ուղղակի ահաբեկչական գործողություն», այլ «ոճրագործություն մարդկության դեմ»:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

Ըստ ՄԱԿ-ի, Ուկրաինայի արևելքում հակամարտության սկզբից ի վեր 5 187 մարդ է զոհվել: Վիրավորների ցանկում 11 515 մարդ կա: Ներքին տեղահանվածների քանակն Ուկրաինայում կտրուկ աճեց և հասավ մոտ մեկ միլիոնի, ևս 600 հազարը փախստական է դարձել: