2 փետրվարի 2015 - 12:58 AMT
ՄԻՊ-ը` Բերձորի դեպքի մասին. Դատապարտում ենք խաղաղ հավաքը խոչընդոտելու որևէ դրսևորում որևէ վայրում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամներին ոստիկանների և անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ դիմել է Լեռնային Ղարաբաղի իր պաշտոնակից Յուրի Հայրապետյանին և խստորեն դատապարտել դեպքը:

Դեկտեմբերի 31-ին Բերձորում անհայտ անձինք և ոստիկանները ծեծի էին ենթարկել Երևանից-Արցախ ավտոերթով մեկնողներին, կոտրել նրանց ավտոմեքենաները, իսկ Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել էր նախ Վայքի հիվանդանոց, ապա Երևան՝ որտեղ հերքվել էր ներքին արյունահոսության մասին կասկածը:

Ծեծի ենթարկվածների թվում «Նոյյան Տապան» լրատվական գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյանը ևս դուրս է գրվել հիվանդանոցից:

Կարեն Անդրեասյանի գրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ցավով տեղեկացանք, որ 2015 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Բերձորում դիմավորել են քաղաքացիական հագուստով, դիմակավորված, ինչպես նաև ոստիկանական համազգեստով անձինք, ովքեր այնուհետև ուժ են կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ:

Ըստ միջադեպի մասնակից քաղաքացիների պնդումների՝ ավտոերթի մասնակիցները, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը, Մխիթար Ավետիսյանը, Քերոբ Ղազարյանը, Ալեք Ենիգոմշյանը, Վարուժան Ավետիսյանը, Անուշավան Շահնազարյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Բացի դրանից՝ վնասվել են նրանցից շատերի ավտոմեքենաները, ուժի կիրառմամբ վերցվել են նրանց տեսախցիկները և դրոշները: Առավել ցավալի է, որ հաղորդվում է նաև լրագրողների, երեխաների ու կանանց նկատմամբ բռնության դրսևորումների մասին: Խստորեն դատապարտում ենք մարդկանց խաղաղ հավաքը խոչընդոտելու որևէ դրսևորում որևէ վայրում:

Հաշվի առնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, և մենք չունենք որևէ իրավազորություն՝ միջամտելու դեպքի քննությանը՝ խնդրում եմ Ձեր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկել միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էական առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր անկախացումից ի վեր: Հետևաբար, լիահույս ենք, որ միջադեպի մասնակից քաղաքացիների դիմումներն ու բողոքները՝ ուղղված համապատասխան պետական կառույցներին, կստանան պատշաճ ընթացք և կունենան դրական արդյունք:

Շարունակելով մեր կառույցների երկարատև գործակցությունը Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի շրջանակներում և երկկողմանի ձևաչափով՝ անհրաժեշտության դեպքում մեր պատրաստակամությունն ենք հայտնում ամեն կերպ աջակցել այս խնդրի լուծմանը»:

Դեկտեմբերի 31-ի երեկոյան ԼՂՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

«Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով հետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն, ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո։

Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողություների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Photo: Pre-Parliament