Ֆաթիհ Աքինը Մոսկվայում. Ներողություն եմ խնդրում այն մեծ ցավի համար, որ պատճառել են իմ նախնիները հայերին

Ֆաթիհ Աքինը Մոսկվայում. Ներողություն եմ խնդրում այն մեծ ցավի համար, որ պատճառել են իմ նախնիները հայերին

PanARMENIAN.Net - Փետրվարի 3-ին Ռուսաստանի մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա գերմանաբնակ նշանավոր թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի շնորհանդեսը:

Փետրվարի 2-ին Մոսկվայի եկեղեցական համալիրում տեղի ունեցավ գերմանաբնակ նշանավոր թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի հանդիպումը Թեմակալ Առաջնորդ Եզրաս Սրբազանի հետ: Հանդիպմանը ներկա էին պրոդյուսերներ Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսիսյանը, Տիգրան Մանասյանը, դերասանուհի Արևիկ Մարտիրոսյանը:

Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի մամուլի ծառայությունում, Առաջնորդարանում կայացած զրույցի հիմնական թեման հայոց Մեծ Եղեռնին էր նվիրված: Սրբազան հայրը բարձր է գնահատել թուրք ռեժիսորի քաջարի և արդարամիտ նախաձեռնությունը, որ խիզախել է անդրադառնալ մի թեմայի, ինչը պաշտոնական Անկարայի կողմից ոչ միայն խեղաթյուրված է ներկայացվում, այլև այդ մասին բարձրաձայնողները դատարպարտվում են օրենքի ուժով: «Դուք շնորհ ունեք, որ տրված է Ձեզ ի վերուստ, ասաց Սրբազան հայրը թուրք ռեժիսորին,- դեմ առ դեմ քաջաբար կանգնել թուրքական պետության մերժողական քաղաքականության դեմ և հակադրվել կեղծիքին` վեր հանելով պատմական ճշմարտությունը: Սա նաև անձնուրաց հերսություն է և ամեն մարդու վերապահված չէ լինել ճշմարտության կրող ու վկա: Ես վստահ եմ, որ Ձեր այս նախաձեռնությունը գալիս է ի սեր ձեր ժողովրդի, որովհետև ճշմարտությունը կոծկելու քաղաքականությունը փակել է շատերի հոգու դռները, և նրանք չեն տեսնում ապագան, որը կարող է լուսավոր լինել, եթե ընդունեն իրենց մեղքը, խոստովանեն կատարած չարագործությունը և հարևանների հետ ապրեն խաղաղ ու համերաշխ»,-ասաց Սրբազան հայրն իր խոսքում:

Պատմելով «Սպի» ֆիլմի նախապատրաստական աշխատանքների ու տարբեր երկրներում կատարած նկարահանումների մասին` Ֆաթիհ Աքինն անդրադարձել է նաև ֆիլմի ստեղծման դրդապատճառներին: «Ես ծնվել, մեծացել եմ Գերմանիայում, իսկ ծնողներս Թուրքիայից են: Միայն հասուն տարիքում եմ բացահայտել ճշմարտությունը, որը դեռևս պատանեկության տարիներից քողարկված է եղել ինձ համար: Ճշմարտության հետ առճակատումը հոգիս տակնուվրա արեց և արժանապատվության գիտակցումը ստիպեց ուսումնասիրել եղելությունը: Եվ ահա ճշմարտությունը վեր հանելու և խաբված չլինելու համար ես նախաձեռնեցի այս գործը: Հիմա, երբ շփվում եմ հայերի հետ, առավել խորն եմ զգում այն ցավն ու կորուստը, որ կրել են հայերը 1915 թվականին»,- իր խոսքում ասաց թուրք ռեժիսորը:

Հանդիպման ավարտին Ֆաթիհ Աքինն ասաց. «Թեպետ ես չեմ կարող խոսել ողջ թուրք ժողովրդի անունից, սակայն ինքս ներողություն եմ խնդրում այն մեծ ցավի համար, որ պատճառել են իմ նախնիները ձեզ` հայերիդ և ուզում եմ Ավետարանական խոսքով դիմել Ձեզ` «Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»:

«Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա: Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են ռեժիսորն ու Մարտիկ Մարտինը: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլոք:

Ֆաթիհ Աքինը գերմանաբնակ թուրք ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան: Ծնվել է 1973 թ. օգոստոսի 25-ին Համբուրգում: Նրա ծնողներն արտագաղթել են Թուրքիայից: Առաջին ֆիլմը նա ներկայացրել է 1998 թ.՝ «Արագ և անցավ», որի համար արժանացել է Լոկարնոյի փառատոնի «Բրոնզե ընձառյուծ» պարգևին և « Pierrot» մրցանակին Մյունխենում, որպես լավագույն երիտասարդ ռեժիսոր:

Աքինի չորրորդ ֆիլմը լիամետրաժ «Գլխով պատին» ֆիլմն է, որն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսեկ արջ» մրցանակին:

2005-ին Աքինը եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ, 2007-ին մասնակցել է փառատոնին «Դրախտի ծայրին» ֆիլմով և ստացել է մրցանակ լավագույն սցենարի համար:

2009-ի սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնում նա ներկայացրեց «Հոգեբանական խոհանոց» ֆիլմը:

 Ուշագրավ
Ըստ պետքարտուղարի՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այս բանակցությունների արդյունքը «չի կարող նախապես և միակողմանիորեն որոշված լինել»
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ
Նա նշել է նաև, որ բան չունի ավելացնելու Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությանը
Գլխատված անձի անունը հայտնի է, նրա ազգանունը ճշտվում է