Կոնվերս բանկի զուտ շահույթը 2014-ին աճել է ավելի քան 5 անգամ

Կոնվերս բանկի զուտ շահույթը 2014-ին աճել է ավելի քան 5 անգամ

PanARMENIAN.Net - Կոնվերս բանկը գործունեության բոլոր ցուցանիշներով գրանցել է զգալի աճ՝ ներկայացնելով 2014 թվականի տարեկան ֆինանսական արդյունքներն այսօր՝ փետրվարի 4-ին, տեղեկացրեց բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

«Կոնվերս Բանկի զուտ շահույթը 2014 թվականին աճել է ավելի քան 5 անգամ՝ կազմելով 2,380 մլրդ ՀՀ դրամ: Առանց մասնահանումների շահույթը կազմել է 3.2 մլրդ դրամ, 2013-ի համեմատ աճելով 156%-ով: Գրանցվել է նաև ակտիվների զգալի աճ՝ 22.5%-ով (149 մլրդ դրամ): Պարտավորությունները և ընդհանուր կապիտալն աճել են համապատասխանաբար 23,1 և 19,8%-ով: Համախառն վարկային պորտֆելը տարեվերջին կազմել է 97 մլրդ դրամ, և աճն այս ցուցանիշով կազմել է 17%»,- ասաց նա:

Մանրամասնելով վարկային քաղաքականությունը՝ Տիգրան Դավթյանը չհերքեց՝ այն փոփոխվել է, բայց լուրերը, թե վարկեր չեն տրամադրվում, իրականությանը չեն համապատասխանում. «Փոփոխություններն ուղղված են ռիսկերի զսպմանը: Փոքր-ինչ շտկումներով մենք շարունակում ենք դրամային վարկեր տրամադրել, իսկ ընտրում է հաճախորդը՝ թանկ դրամային, թե համեմատաբար էժան արտարժութային ռեսուրս»:

Շարունակելով ներկայացնել նախորդ տարում բանկի գրանցած ցուցանիշները, գործադիր տնօրենը կարևորեց՝ հաճախորդներից ներգրավված ավանդները տարեվերջին կազմել են 98 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 16,3%-ով. «Այս ցուցանիշն արձանագրում է հաճախորդների Կոնվերս բանկի նկատմամբ ունեցած հաստատուն վստահությունը՝ անգամ հաշվի առնելով տարեվերջյան բարդ իրավիճակը ֆինանսական համակարգում»:

Աճել է նաև արագ փոխանցման համակարգերով կատարված փոխանցումների ծավալը, որը կազմել է 62 մլրդ դրամ՝ 2013-ի ցուցանիշը գերազանցելով 33%-ով: 2014-ին գործարկվել է Converse Transfer արագ դրամական փոխանցումների սեփական համակարգը, որին միացել են նաև ՀՀ այլ բանկեր: Այն առաջին և դեռևս միակ հայկական դրամական փոխանցումների համակարգն է:

Կոնվերս Բանկի կարևոր նորություններից են նաև Հայաստանում առաջին մոբայլ բանկ ու մոբայլ վճարումների mConverse համակարգը՝ նախատեսված առցանց առևտրի համար, Visa Virtual քարտը՝ համացանցում գնումներն ավելի հարմարավետ կատարելու համար, Visa Isic համատեղ բրենդային քարտը՝ հատկապես ուսանողների համար: Շաբաթներ առաջ բանկն անցել է քարտերի 3-D secure սերտիֆիկացում՝ VISA-ի և MasterCard-ի կողմից՝ հնարավորություն տալով համացանցում գնումներն ապահովել խարդախություններից:

Տիգրան Դավթյանը, բանկի գրանցած արդյունքներին զուգահեռ 2014-ը ճգնաժամային որակեց, իսկ դրական ցուցանիշները բացատրեց հատուկ մտածված հակաճգնաժամային քաղաքականությամբ:

«Մենք պահպանողական ենք՝ ագրեսիվ զուսպ քաղաքականությամբ: Կարծում ենք, որ 2015-ն ավելի բարդ տարի է լինելու, հետևաբար շարունակելու ենք նույն քաղաքականությունը՝ փորձելով կրկնել գրանցված ցուցանիշները», - ասաց նա՝ ավելացնելով, - «Կոնվերս բանկը Հայաստանի առաջին կոմերցիոն բանկերից է, որ 20 տարի շարունակ գործունեություն է ծավալում այս բնագավառում: Այս տասնամյակների ընթացքում մենք հպարտ ենք աշխատել բազմաքանակ և հավատարիմ հաճախորդների հետ: Նրանց վստահության շնորհիվ ենք կարողանում արձանագրել ցուցանիշների զգալի աճ», - նշեց բանկի գործադիր տնօրենը:

Անդրադառնալով ԿԲ-ի՝ մինչև 2017-ի առևտրային բանկերի կապիտալի նվազագույն շեմը 30 միլիարդի հասցնելու մասին որոշմանը, Կոնվերս բանկի գործադիր տնօրենը չբացառեց բանկերից մեկի հետ միանալու հնարավորությունը՝ նշելով, որ քննարկվում է նաև բաժնետիրոջ միջոցներով խնդիրը լուծելու տարբերակը:

Տարեվերջին Կենտրոնական բանկը որոշում էր կայացրել, որով Հայաստանում գործող բանկերը պարտադրած են լինելու ընդհանուր կապիտալը 5 մլրդ դրամից հասցնել 30 մլրդ-ի: Որոշումը լիարժեք ուժի մեջ կմտնի 2017 թվականից: Տնտեսագետների կանխատեսմամբ, գլխավոր դրամատան այս որոշման արդյունքում 2017-ից հետո մի շարք բանկեր կփակվեն կամ կմիավորվեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---