Ադրբեջանում կրճատվում է նավթի արդյունահանումը. Հունվարին հորատման ծավալները նվազել են 32%-ով

Ադրբեջանում կրճատվում է նավթի արդյունահանումը. Հունվարին հորատման ծավալները նվազել են 32%-ով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Պետական նավթային ընկերության՝ SOCAR, հորատման վարչությունը 2015-ի հունվարին նվազեցրել է հորատման ծավալները 2014-ի նույն ցուցանիշի համեմատ 31,7 տոկոսով՝ մինչև 7,165 հազար մետր, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը ընկերությունում սեփական աղբյուրների վրա հղումով:

Ընդ որում հետախուզական հորատման մասնաբաժինը կազմել է 257 մ (3,7-անգամյա աճ), շահագործմանը՝ 6,908 հազար մետր (անկումը 33,7 տոկոս):

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2014-ին SOCAR հորատման ծավալները կազմել են 127,346 հազար մետր, այդ թվում հետախուզական հորատմանը՝ - 2,628 մետր, շահագործման՝ 124,718 մետր;

2015-ի հունվարին SOCAR նավթի արտահանումն ըստ ընկերության հաղորդագրության կազմել է 2121,482 հազար տոննա: Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով արտահանումը կազմել է 169,507 հազար տոննա, ևս՝ 254,107 հազար տոննա տեղափոխվել է Բաքու-Սուպսա նավթամուղով, իսկ 1697,768 հազար տոննա՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով: SOCAR մարքեթինգի և տնտեսական գործողությունների վարչությունում հայտնել են նաև, որ ադրբեջանական նավթի արտահանումը 2015-ի հունվարին նվազել է 13,4 տոկոսով նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ:

2014-ին Բաքուն արտահանել է 24372,793 հազար տոննա նավթ, ընդ որում 2014-ի դեկտեմբերին արտահանումը կազմել է 2448,798 հազար տոննա, որը լավագույն ցուցանիշն է անցյալ տարվա համար: Չորրորդ եռամսյակում արտահանումը կազմել է 5691,520 հազար տոննա երրորդ եռամսյակի 6406,576 հազար տոննայի դիմաց, երկրորդ եռամսյակում արտահանվել է 6518,098 հազար տոննա, իսկ առաջին եռամսյակում՝ 4768,483 հազար տոննա:

Նավթի համաշխարհային գների անկումը Ադրբեջանի միակ խնդիրը չէ: Նավթի արդյունահանումն Ադրբեջանում British Petroleum-ի կողմից կառավարվող հանքերում 2015-ից սկսած կնվազի տարեկան 2,5 տոկոսով: 2009-ից սկսած նավթի արդյունահանումն Ադրբեջանի գլխավոր հանքավայրում չի համապատասխանում ակնկալվող ծավալներին, որոնք նախատեսվում էին «դարի պայմանագիրը» (Ազերի-Չիրագ-Գյունեշվլի հանքավայրի գործարկում ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցում) ստորագրելիս: 2009-ին նախատեսված 46,8 մլն տոննայի փոխարեն արդյունահանվել է 40,3մլն տոննա, 2010-ին՝ 40,6 մլն տոննա 42,1 մլն տոննայի փոխարեն, 2011-ին 36 մլն տոննա նախատեսված 40,2 մլն տոննայի փոխարեն: 2012 թ. անկումը հաջողվեց կայունացնել, սակայն 2013-2014 թթ. անկման միտումը շարունակվեց՝ բացասաբար ազդելով Ադրբեջանում նավթի արդյունահանման վրա ընդհանուր առմամբ:

2012-ին նավթի արդյունահանումը Ադրբեջանում նվազել է 5,3 տոկոսով՝ մինչև 42, 9 մլն տոննա, 2013-ին նոր հորատանցքերի գործարկման շնորհիվ արդյունահանումը հաջողվեց հասցնել 43,48 մլն տոննայի: 2014-ի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանում արդյունահանվել է 32,1 մլն տոննա նավթ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38,8 մլն տոննայի դիմաց:

Երկրի արժութային ռեզերվների կրճատումը ևս կապված է նավթի գների նվազման հետ: Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային ռեզերվները 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 13 մլրդ 758,3 մլն դոլար: 2013-ի վերջում Ադրբեջանի ԿԲ արժութային ռեզերվները կազմում էին 14 մլրդ 152 մլն դոլար: Այսպիսով, 2014-ին Ադրբեջանի Կենտրոնական բանկի ռեզերվները նվազել են 2, 78 տոկոսով: 2014-ի դեկտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային ռեզերվները նվազել են 1 մլրդ 238 մլն դոլարով, կամ 8,26 տոկոսով:

2014-ի կեսից «սև ոսկին» կորցրեց արժեքի մոտ 50 տոկոսը, ինչը մեծ հարված էր շատ երկրների արժույթին, առաջին հերթին՝ նավթ արդյունահանող: Սակայն ադրբեջանական մանաթը դեռ կայուն է մնում, քանի որ Ադրբեջանը ծախսում է Կենտրոնական բանկի ռեզերվները փոխարժեքի պահպանման համար՝ ինտերվենցիա իրականացնելով երկրի արժութային շուկայում:

Մինչդեռ Ադրբեջանի 2015-ի բյուջեն կազմված է նավթի մեկ բարելի դիմաց 90 դոլարի հաշվարկով: Հունվարի 12-ին Brent տեսակի նավթի գինը նվազեց մեկ բարելի դիմաց 49 դոլարի շեմից: Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ Վալիդ իբն Թալալը հայտարարեց, որ մեկ բարել նավթի արժեքը 100 դոլարի չի հասնի: «Նավթի շուկան գերհագեցած է: Լիբիան նույնպես չի դադարեցրել նավթի արդյունահանումը չնայած քաղաքացիական պատերազմին: Ավելին, նվազել է նավթի պահանջարկը»,-մեջբերել է նրա խոսքը Russia Today-ը:

Ադրբեջանական նավթային ոլորոտը խնդիրների ու աշխատատեղերի կրճատման շեմին է: Մասնավորապես, արդեն հաստատվել է, որ աշխատատեղերի զանգվածային կրճատումներ կիրականացնի Ադրբեջանում British Pertoleum (BP) նավթագազային ընկերությունը: Հստակ տվյալներ կրճատման ենթակա աշխատատեղերի մասին դեռ չկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---