ՄԽ-ն ներկայացրել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահին

ՄԽ-ն ներկայացրել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ գործող նախագահին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) հանդիպել են ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Ինչպես գրել է Twitter-ի իր միկրոբլոգում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, միջնորդները տեղեկացրել են ԵԱՀԿ գործող նախագահին ղարաբաղյան հակամարտության գոտում իրադարձությունների վերջին զարգացումների մասին:

«Մենք բոլորս համամիտ ենք, որ անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը»,-գրել է նա:

Իվիցա Դաչիչի հետ հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խորը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորել 1994թ. մայիսին ձեռք բերված համաձայնագրով հրադադարի ռեժիմի լիարժեք ապահովումը։

Նալբանդյանը նշել է, որ չնայած եռանախագահող երկրների ղեկավարների բազմաթիվ կոչերին, Բաքուն շարունակում է իր առավելապաշտական գիծը՝ արգելակելով բանակցային գործընթացը։

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հադես էին եկել հայտարարությամբ փետրվարի 5-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ավարտին:

Իր հայտարարության մեջ միջնորդները «տագնապով են նշել միջադեպերի քանակի աճը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում բնակելի թաղամասերում: «Մենք նաև քննարկել ենք նախարարի հետ նման միջադեպերի նվազեցմանն ուղղված միջոցները»,-ասվում է հայտարարության մեջ:

Մասնավորապես նշվում էր, որ կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն ուղղաթիռի խոցման միջադեպի կրկնությունը բացառելու համար:

Նոյեմբերի 12-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Անձնակազմի հրամանատարան էր մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Նոյեմբերի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ, հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության: Դեպքի վայրից տարհանվեցին ուղղաթիռի անձնակազմի անդամների դիերը և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Հատուկ գործողության արդյունքում, որը Երևանում և Ստեփանակերտում փայլուն անվանեցին, ԼՂՀ ՊԲ-ն կորուստներ չի կրել:

Ըստ միջնորդների, բռնությունն ու լարվածությունը կողմերի միջև ընդգծում է որքան հնարավոր է շուտ կայուն կարգավորման շուրջ համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Նրանք նաև կարևորել են նախագահների միջև անհետ կորածների մասին տվյալների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածության կատարումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է ավելի քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։

«Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը և իր արկածախնդիր քաղաքականությամբ և սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը, արգելակում խաղաղ կարգավորման գործընթացը»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը։

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---